‘Պանամայի իշխանությունները հրաժարվել են բանտից ազատել նախկին բռնապետին’

949

Պանամայի իշխանությունները հրաժարվել են բանտից ազատել և տնային կալանքի տակ վերցնել նախկին բռնապետ Մանուել Նորյեգային, որն իր պատիժն է կրում քաղաքական հանցագործությունների համար: Այս մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով պանամական La Prensa պարբերականին: Նորյեգայի փաստաբանները պնդել են, որ 79-ամյա նախկին բռնապետը տեղափոխվի տնային կալանքի՝ տարիքի և առողջական խնդիրների պատճառով: 2011 թ. ի վեր, երբ Նորյեգային արտահանձնեցին Պանամային, նա վեց անգամ հոսպիտալացվել է տարբեր պատճառներով:

Նորյեգայի ազգականները քննադատել են իշխանությունների որոշումը՝ այն որակելով քաղաքական:

Մանուել Նորյեգան Պանաման ղեկավարել է 1983-1989 թթ. և գահընկեց է արվել ԱՄՆ «սպեցնազի» գործողության արդյունքում: 1992 թ. նա Միացյալ Նահանգներում դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի վաճառքի և ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: 2010 թ. ԱՄՆ-ը նրան հանձնել է Ֆրանսիային, որտեղ նա դատապարտվել է յոթնամյա ազատազրկման՝ փողերի լվացման մեղադրանքով: Մեկ տարի անց նախկին բռնապետին հանձնել են Պանամային. այստեղ նա դեռևս 1995 թ. դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ժամանակն է՝ Երևանի հետիոտներից փողոցների մայթերով քայլելու հարկ գանձել’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողական կազմակերպությունների կոչը ակտիվիստներին եւ հեռուստաընկերություններին’