‘«Պանամյան փաստաթղթերը»՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքի մասին’

2175

Այսպես կոչված՝ «պանամյան փաստաթղթերի» «դերակատարներից» մեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից՝ իր հոր՝ Հեյդար Ալիևի մահվանից հետո: Ինչպես պնդում են «պանամյան մերկացումների» հեղինակները՝  Ալիևն ու իր տիկինը՝ Մեհրիբան Ալիևան, այդ ժամանակից ի վեր մի ամբողջ «օֆշորային կայսրություն» են հիմնել:

«Պանամյան դոսիեում» Ադրբեջանի նախագահի ընտանիքին մի ամբողջ բաժին է հատկացված, որում ի հայտ են բերվում նրանց կապերը օֆշորային ընկերությունների բարդ համակարգի հետ: Փաստաթղթերից երևում է, թե ինչպես է Ադրբեջանի հարկային գծով նախարար Ֆազիլ Մամեդովը 2003 թվականից ստեղծում AtaHolding միավորումը, որին միանում է նաև Ալիևների ընտանիքը: AtaHolding-ը շահեր ունի  բնական ռեսուրսներով բավական հարուստ երկրի բանկային, հեռուստահաղորդակցական, շինարարական, լեռնարդյունաբերական և նավթային ոլորտներում:

Պանամայում Mossack Fonseca-ի միջոցով Մամեդովը երկու կառույց է բացել՝  FM Management Holding Group և UF Universe Foundation: Երկրորդ ֆիրման վերահսկում է առաջինին, և դրա կառավարիչներից մեկը Մեհրբան Ալիևան է: Իր հերթին՝ FM Management Holding Group-ն Մեծ Բրիտանիայում մի ընկերության սեփականատերն է, որի բաժնետոմսերի 51 %-ը պատկանում է ադրբեջանական AtaHolding-ին: Դրանց արժեքը 2014 թ. կազմել է գրեթե կես միլիարդ դոլար:

«Պանամյան փաստաթղթերի» և «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության նախագծի» համաձայն՝ 2006 թ. Ալիևը Ադրբեջանի  ոսկու վեց հանքերի կառավարման իրավունքը հանձնել է մի քանի ընկերությունների, այդ թվում՝ երկու օֆշորային, որոնք իրականում պատկանում են նրա դուստրերին՝ Արզուին և Լեյլային: Ալիև քույրերին է պատկանում բրիտանական  Globex International LLP-ի  և պանամյան Londex Resourses S.A-ի բաժնետոմսերի 56 %-ը: Իր հերթին՝ այդ երկու ընկերություններին են պատկանում Ադրբեջանի ոսկու վեց հանքերի 11 և 45 տոկոսները՝ համապատասխանաբար:

Mossack Fonseca-ի փաստաթղթերի համաձայն՝ Ալիևների ընտանիքը մասնաբաժիններ ունի նաև այլ օֆշորային ընկերություններում: Լրագրողական «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտության նախագծի» մասնակիցների խոսքով՝ ընտանիքի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս փաստերը: Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Ադրբեջանական կողմը երեկ շտապօգնության մեքենա է ոչնչացրել’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ հանրայինի ժամը 14-ի հատուկ թողարկումը’