‘Պանիր արտադրող 18 սուբյեկտի արտադրանքում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել’

1279

Պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտների շրջանում ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության հերթական նսիտի ժամանակ հայտարարեց Սննդի անվտանգության վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը:

«Տվյալ տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումների արդյունքում կատարվել են նմուշառումներ, լաբարատող փորձաքննության արդյուքնում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, մեծամասամբ՝ չանախ պանրի արտադրատեսակի հետ կապված: 5,5 տոննա պանիր ոչնչացվել է, և տվյալ ընկերությունները ներկայումս իրականացնում են սանիտարահիգիենիկ պայմանների կատարման աշատանքներ»,- նշեց Բախչագուլյանը:

Նրա տեղեկացմամբ՝ 59 տնտեսվարող սուբյեկտներ ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել է տուգանք 10 միլիոն 450 հազար դրամի չափով: Վարչապետը հետաքրքրվեց, թե աղիքային ցուպիկներն ինչ վտանգ են ներկայացնում առողջությանը: Բախչագուլյանը պատասխանեց, թե մանրէների քանակը գերազանցումն ազգաբնակչության մոտ առաջացնում է մարսողական համակարգի խնդիրներ:

«Պետք է նշեմ, որ սրանք այն ընկերություններն են, որոնք ունեն փոքր արտադրման ծավալ և փոքր ձեռնարկություններ են ու չեն ապահովում սանիտարահիգիենիկ նորմերը, որոնք ներկայացված են ՀՀ կառավարության որոշմամբ: Ունենք խնդիր մակնշման հետ կապված, քանի որ այդ ընկերություններն օրական արտադրում էին 60-75 կգ պանիր, և այդ պանիրները հավուր պատշաճի մակնշված չեն, և խմբաքանակ, որպես այդպիսին, չի երևում, որ կարողանանք հետկանչ կազմակերպենք», — ասաց Բախչագուլյանը՝ հավելելով, որ բոլոր 59 ընկերություններում, որոնցում ստուգումներ են իրականացվել, խմբաքանակը պարտադիր մակնշվելու է:

Տիգրան Սարգսյանն ասաց, թե պետք է հրապարակային դարձնել այդ արտադրողների, ձեռնարկությունների անունները, պանրի տեսակի անվանումը, որ քաղաքացիները չօգտվեն:

«Ուղղակի վնաս է հասցնում առողջությանը, ու հլը դրա համար էլ վճարում են մեր քաղաքացիները, որ էդ պանիրը օգտագործելուց հետո առաջանում են հիվանդություններ», — վրդովվեց վարչապետը:

Բախչագուլյանը վստահեցրեց, որ այդ տնտեսվարող սուբյեկտները վերահսկողության տակ են, նրանք պետք է ապահովեն սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը և դրանից հետո թողարկեն փորձնական արտադրանք, որը լաբորատոր փորձաքննություն կանցնի, և շեղումներ չհայտնաբերելու դեպքում միայն կթուլատրվի վերսկսել արտադրությունը:

Բախչագուլյանը կարծիք հայտնեց, թե անհրաժեշտ է խստացնել օրենսդրությունը, որ իրենք հնարավորություն ունենան հարկ եղած դեպքում դադարեցնել արտադրությունը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ունի քաղաքացիների աջակցություն կարիքը ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինացի երեխան 4000 դոլարի կոնֆետ է գնել ‘