‘Պաշտոնական Բաքուն բողոքում է Սաֆարովի մասին Ժիրինովսկու արած արտահայտությունների կապակցությամբ’

1120

Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ սեպտեմբերի 14-ին Մոսկվայում «Ռուս-հայկական համագործակցության» նախաձեռնությամբ տեղի ունեցած ցույցի ժամանակ հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արած հարտարարությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, բողոքի նոտան Բաքվում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին է հանձնել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:

Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Խալաֆովը նշել է, թե ադրբեջանական բանակի նախկին (ընդգծումը մերն է-խմբ.) զինծառայող Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ Ժիրինովսկու արած արտահայտությունները Բաքվում դիտարկում են որպես սադրիչ եւ անպատասխանատու: «Վլադիմիր Ժիրինովսկու արած արտահայտությունները ստվեր են գցում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, ինչպես նաեւ՝ վնասում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին», — ասել է ադրբեջանցի փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ Վ. Ժիրինովսկու խոսքերը «համապատասխան գնահատական կստանան նաեւ Ռուսաստանում»:

2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի կուրսերի համար Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ գործուղված հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնահարվել էր նույն կուրսերի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ առանց ներման իրավունքի մինչեւ ազատազրկման 25 տարին լրանալը: 2007-ի փետրվարին Վերաքննիչ դատարանը դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն, այս տարվա օգոստոսի 31-ին Ռամիլ Սաֆարովը հանձնվեց Ադրբեջանին եւ հենց նույն օրը ներման արժանացավ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Վերջինս սպանության պահին լեյտենանտի կոչումը կրող Սաֆարովին նեւ մայորի կոչում շնորհեց, ինչպես նաեւ՝ բնակարան նվիրեց եւ փոխհատուցեց ազատազրկման ութ տարիների աշխատավարձը: 

Նախորդ հոդվածը‘Սուրեն Սուրենյանցին դատում են խարդախության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում կկայանա Սարյանի գործերի ցուցահանդեսը ‘