‘Պաշտոնական. Յուրա Մովսիսյանը երկարաձգեց «Սպարտակի» հետ պայմանագիրը’

794

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» ղեկավարության հետ նոր պայմանագիր է կնքել, որի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում: Յուրայի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել մոսկովյան ակումբի գործադիր տնօրեն Ռոման Ասխաբաձեն:

«Մենք շատ ուրախ ենք, որ Յուրայի մակարդակի ֆուտբոլիստը, ով մեծ նշանակություն ունի ակումբի համար նոր պայմանագիր կնքեց: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Մովսիսյանի` «Սպարտակի» նկատմամբ ունեցած վերաբերմունքը, նրա` հենց այս թիմի մարզաշապիկով կարիերան շարունակելու և ակումբի հետ հաջողությունների հասնելու ցանկությունը: Այն շշուկները, որոնց համաձայն` Յուրան քննարկում է այլ երկիր տեղափոխվելու տարբերակները, չունեին որևէ հիմք: Հարձակվողը որոշեց ևս մի քանի տարի իր ճակատագիրը կապել «Սպարտակի» հետ, բանակցություններն արագ են ընթացել, մենք հարցերը լուծել ենք գրեթե մեկ օրվա ընթացքում»,-Ասխաբաձեի խոսքը մեջբերված է «Սպարտակի» պաշտոնական կայքից:

 

Յուրա Մովսիսյանը ևս իր մեկնաբանությունն է տվել նոր պայմանագիր կնքելու որոշման վերաբերյալ:

«Այսօր ինձ համար շատ կարևոր օր է: Երբ տեղափոխվեցի «Սպարտակ», գիտեի` սա Ռուսաստանի լավագույն ակումբն է և օրեցօր ավելի համոզվեցի դրանում: Դրա համար ցանկանում եմ իմ մոտակա ապագան կապել միայն այս ակումբի հետ: Բնական է, որ եղան շատ խոսակցություններ հավանական տեղափոխության մասին, ինչ-որ առաջարկների մասին, բայց այդ լուրերից ոչ մեկը ճիշտ չէր: Մամուլում միշտ էլ տարատեսակ լուրեր են շրջանառվում, բայց ես իսկապես ցանկանում եմ հանդես գալ «Սպարտակում», այսպիսի հիանալի երկրպագուներով ակումբում:

Այժմ թիմի համար ամենահեշտ շրջանը չէ, բայց համոզված եմ` ամեն ինչ կհարթվի: Գուցե դա վաղը տեղի չունենա, բայց մենք ամեն ինչ կանենք, որ հաջողությունը հնարավորինս շուտ գա: Անխոս, ինձ համար մեծ պատիվ է նման ակումբում և երկրպագուների նման աջակցությամբ խաղալը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց` թիմին և անձամբ ինձ անկախ ամեն ինչից աջակցելու համար»,-ասել է Յուրա Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին’