‘Պաշտոնյաները կարող են օդային ճանապարհով գործուղվել ԼՂՀ, բայց հայտնի չէ՝ ինչպես’

876

Երեկ կառավարության նիստի ընթացքում պետական պաշտոնյաներն ստացել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գործուղումն անհրաժեշտության դեպքում օդային ճանապարհով իրականացնելու հնարավորություն։ Քանի որ Երևան-Ստեփանակերտ և հակառակ ուղղություններով չվերթներ առայժմ չեն իրականացվում, iLur.am-ը հետաքրքվեց, թե ինչպես են պաշտոնյաներն օդային ճանապարհով փոխադրվելու Լեռնային Ղարաբաղ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ գործուղումների փոխհատուցման որոշման մեջ փոփոխություն է կատարվել:

«Երբ նախկինում  գնում էին գործուղման Արցախ, փոխհատուցվում էր ցամաքային տրանսպորտային փոխադրամիջոցով գնալու գումարը: Հիմա ավելացվել է, որ  օդային ճանապարհով գնալու գումարը ևս փոխհատուցվելու է»,- նշեց Բերբերյանը:

Մեր դիտարկմանը, թե պաշտոնյաներն ինչպես են օդային ճանապարհով ԼՂՀ տեղափոխվելու, մամուլի խոսնակը խոստովանեց, թե չի կարող ասել, ու ասում է այն, ինչ փաստացի եղել է:

iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի քաղավիացիայից հայտնեցին հետևյալը. «2013թ. հունվարի 10-ի  կառավարության նիստի  ընթացքում  պետական  պաշտոնյաների՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ  գործուղումն  անհրաժեշտության դեպքում  օդային ճանապարհով  իրականացնելու՝  ձեր մատնաշած հնարավորության ստացման  հարց չի քննարկվել»:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է Քեյթ Միդլթոնի առաջին պաշտոնական դիմանկարը’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Միրանյանի գոլը՝ շաբաթվա 10 լավագույների թվում. TV Golo’