‘Պաշտոնյա. Կաթնամթերքի թանկացման պատճառը արտահանման աճն է եւ դրամի արժեզրկումը’

1254

Ըստ գյուղնախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի` կաթնամթերքի վերջին թանկացումները պայմանավորված են անարատ կաթի մեծ պահանջարկով եւ արտահանման ծավալների աճով: Հիշեցնենք, որ մայիսի կեսերից կաթնամթերքի մանրածախ գինը աճեց  10-15 տոկոսով:

«Սա պետք է դիտարկել երկու տեսանկյուններից. մի կողմից` մթերման բարձր գինը նպաստում է գյուղացիների եկամուտների աճին, բացի այդ` զգալիորեն ավելացել է կաթնամթերքի արտահանումը, հիմնականում՝ Ռուսաստան: Միայն այս տարվա մայիսի 23-30-ը Հայաստանից արտահանվել է 42 տոննա կաթնամթերք, հիմնականում` պանրի տեսքով», — iLur.am_ի հետ զրույցում ասաց Աշոտ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար նախորդ տարիներին վերամշակող ընկերությունները կաթը մթերում էին ձմռանը՝ շուրջ 170 դրամով՝ գարնանը՝ շուրջ 120 դրամով: Մինչդեռ, ըստ նրա, այս տարի մայիսին մթերման գինը չի իջել, եւ կաթ վերամշակողները շարունակում են մթերել բարձր գնով:

Կաթնամթերքի թանկացման պատճառներից մեկն էլ, ըստ պաշտոնյայի, դրամի արժեզրկումն է: «Քանի որ իրենք (արտադրողները) հումքը ձեռք են բերում դոլարով, իսկ դոլարը թանկացել է: Բացի դրանից՝ դոլարով վերցրած վարկերն են ազդել գնագոյացման վրա: Երեք տարի առաջ արտադրողը վարկ է վերցրել 360 դրամ/1դոլար հարաբերակցությամբ, իսկ հիմա վարկը մարում են 415/1 հարաբերակցությամբ», — մանրամասնեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ պետությունը գնագոյացման վրա չի ազդում:

Միեւնույն ժամանակ,  ըստ պաշտոնյայի՝  Հայաստանում արտադրվող պաղպաղակների մեծամասնությունում կաթի փոշու բաժինը կազմում է 100%, մածունի եւ կաթի մեջ՝ 50%, իսկ պանիրի բաղադրությունում գրեթե 100% անարատ կաթ է:  

Նախորդ հոդվածը‘Ընտանեկան բռնության ենթարկված կինը դիմել է ՄԻՊ-ին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» պատրաստ է Կավանիի համար վճարել 63 միլիոն եվրո’