‘Պաշտոնյա. «Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք»’

1943

«Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք, թող ձեր երեխաներն աշխատեն»։ Այսօր, A1+-ի փոխանցմամբ, նման պատասխան է տվել Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝ պատասխանելով իրեն մոտեցած զոհված ազատամարտիկի այրի, «Զոհված ազատամարտիկների իրավունքի» կենտրոնի նախագահ Գայանե Սահակյանին։

«Ես մոտեցա ու ասացի, որ զոհված ազատամարտիկների ընտանիքները շատ վատ են ապրում, ցածր թոշակ են ստանում։ Մեկ ամիս առաջ նամակ ենք գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին մեր թոշակների, աշխատանքների հարցը վերանայելու համար, սակայն ոչ մի պատասխան չկա։ Եթե մեր ամուսինները, եղբայրները զոհվել են Արցախյան հերոսամարտում ու մեր կողքին չեն, մենք պետք է թշվառության մե՞ջ ապրենք։ Ալեքսանդր Ղազարյանը ասում է, որ եթե ինքը զոհված լիներ, իր ընտանիքը ամեն ինչ կունենար, հիմա ինչ անի, որ ինքը չի զոհվել»,- «Ա1+»-ի հետ զրույցում վրդովված նշեց Գայանե Սահակյանը և հավելեց. «էդ Ղազարյանների նմաններն են, որ այնպես են անում, որ բոլորը լքում են երկիրը»։

Գայանե Սահակյանի ամուսինը՝ Վաղինակ Սահակյանը, զոհվել է 1990թ., և ինը հոգանոց ընտանիքի հոգսն ընկել է տիկին Գայանեի ուսերին։ 
«Ես հիմա ստանում եմ 59 հազար դրամ՝ ներառյալ նպաստը։ Չենք կարողանում ապրել էդ չնչին գումարով։ Ընտանիքներ էլ կան, որ թոշակ ու նպաստ չեն ստանում»։

Գայանե Սահակյանը կայքին տեղեկացրեց նաև, որ ինքը երկուշաբթի օրը նստացույց է սկսելու Կառավարության դիմաց. «Ի վերջո, պետք է մեզ վրա ուշադրություն դարձնեն, թե չէ կթողնենք ու կգնանք էս երկրից»։

Նախորդ հոդվածը‘«Ֆորդը» բախվել է ջրատարին. Վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘«Ռոման», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն և «Մոնակոն» ցանկանում են ձեռք բերել Լեանդրո Պարեդեսին’