‘Պաշտպանը հերքեց Գոռ Առաքելյանի ազատման մասին լուրերը. այդ մասին նա տեղեկացել է լրատվամիջոցներից’

1167

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած  միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է Գոռ Առաքելյանը, ով դատարանի որոշմամբ ենթարկվել է երկամսյա կալանքի:

Վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ Առաքելյանը օրեր առաջ ազատ է արձակվել: Անդրադառնալով այս հանգամանքին՝ նրա պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Նման հնարավորություն օրենքը նախատեսում է, արգելք չկա, որ կարող է խափանման միջոցը փոխվել, սակայն նման միջնորդությամբ մենք հանդես չենք եկել: Եթե նախաքննական մարմինը կզգա, որ սխալ իրավական որակում է տվել, ապա այդ դեպքում արդեն հնարավոր է, որ խափանման միջոցը փոխվի: Դա նրա իրավասությունների մեջ է մտնում: Իսկ կալանքի երկարացման մասին դեռեւս խոսք չի գնում»,- նշեց փաստաբանը:

iLur.am-ի այն հարցին, թե արդյո՞ք տուժողները որեւէ բողոք ներկայացրել են, Երեմ Սարգսյանը պատասխանեց, որ նման տեղեկություն պաշտոնապես չունի: «Մենք տուժողների հետ անմիջական շփում չունենք, իսկ այդ մասին պետք է իմանանք նախաքննական մարմնի միջոցով, սակայն նախաքննական մարմինը մեզ այդպիսի տեղեկություն չի հայտնել»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ փաստերը՝ ի օգուտ Գոռ Առաքելյանի շատ-շատ են, ուղղակի այս պահին չի կարող մանրամասնել: «Վառ օրինակ է այն փաստը, որ սպանության դիտավորության դեպքում չեն կրակում գետնին: Մեղադրանքի մեջ նշված է, որ սպանության նպատակով Առաքելյանը կրակել է դուռը փակ մեքենայի մեջ: Եթե նա հետապնդում էր սպանության նպատակ, ապա չէր կարող ավելի կարեւոր տեղ կրակեր ոտքի փոխարեն»,- նշեց Երեմ Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթ կհայտնվի 2025 թվից ոչ շուտ’
Հաջորդ հոդվածը‘Լեյլա Յունուս. Միրկադիրովի դեմ շինծու քրեական գործն ուղղված է Ադրբեջանում կրիտիկական ձայների վերջնական ճնշմանը’