Պատանեկան ԵԱ․ Սերյոժա Բարսեղյանը Եվրոպայի ռեկորդներով նվաճել է հաղթողի կոչումը

379

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել:

Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը երկու ռեկորդ է սահմանել և հռչակվել չեմպիոն, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը երկամարտի ռեկորդային՝ 236 կգ արդյունքով է նվաճել ոսկե մեդալը: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 111 կգ, ինչը ևս Եվրոպայի ռեկորդ է այս տարիքային խմբում։ Հրում վարժությունում Բարսեղյանը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը: Առանձին վարժություններում նա արժանացել է երկու փոքր ոսկե մեդալների:

Եվրոպայի պատանիների առաջնությունում  16-ամյա Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

55 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը պոկում վարժությունում 100 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, հրում վարժությունում 125 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:

Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը:

Եվրոպայի պատանիների և Մ-15 տարեկանների առաջնությունը կավարտվի օգոստոսի 17-ին:

Նախորդ հոդվածըՏարվա լավագույն դարպասապահի մրցանակի 10 հավակնորդները
Հաջորդ հոդվածըՈվքե՞ր են «Ոսկե գնդակի» 30 հավակնորդները