‘Պատառիկներ ուղևորությունիցս՝ դեպի Թիֆլիս քաղաքը պատվական’

2961

Ես հայ եմ:

Չէ, էս Երևանի փողոցներում վեր հառնած վահանակների ազդեցությամբ չեմ գրել, ուղղակի փաստն եմ արձանագրում՝ ես հայ եմ: Եւ որպես հայի՝ ինձ օտար չէ մեր ազգին բնորոշ որևէ հատկանիշ՝ թե՛ սենտիմենտալ-լալկանությունը, թե՛ ազգային սնապարծությունը, թե՛ հակառակ ծայրահեղությունը՝ «մենք ժողովո՛ւրդ չենք, հո զոռով չի՛» կարգի, ու մնացած լավն ու վատը: Դրա համար էլ երբ մեր միկրոավտոբուսը «Կիլիկիայի» ավտոկայանից դուրս գալուց չորս-հինգ ժամ հետո հասավ Հայաստանի ու Վրաստանի սահմանագծին, առաջին բանը, որ ես սկսեցի անել՝ ողբալն էր. ախր շա՜տ փոքր է Հայաստանս, էնքա՜ն փոքր, որ արդեն պրծա՜վ…

Ողբալուս երկրորդ առիթը սահմանային անցակետերի համեմատությունն էր (ի դեպ՝ կասկածում եմ, որ Սերժիկն էլ է վերջերս անցել էստեղով, դրա համար էլ հուլիսի 22-ին ինչ-որ հրամանագիր ստորագրեց «պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների հիմնման» ու նման բաների վերաբերյալ ու մեկնեց իր «վաստակած» հանգստին, ի դեպ՝ այս տարի՝ արդեն երկրորդ անգամ), ինչի մասին արդեն լսել էի այդ սահմանը հատած հայրենակիցներիցս ու հիմա համոզվեցի անձամբ: Ճիշտ է՝ ո՛չ ամբողջ ծավալով, որովհետև, օրինակ, ինձ զգուշացրել էին, որ հայկական կողմում զուգարան չմտնեմ (ներեցեք էս խիստ ինտիմ մանրամասների համար, բայց դե ինձ խորթ չէ ոչ միայն ոչինչ ազգային, այլև՝ ոչինչ մարդկային), որովհետև, զգուշացրել էին՝ մեր կողմի զուգարանը մաքուր չէ և հետո՝ նաև վճարովի է: Բայց ես դա չճշտեցի, քանի որ,  նախ, բնական պահանջը, էսպես ասած՝ չէր կանչում, և երկրորդ՝ ուղեղումս առկայծեց «մենք ժողովո՛ւրդ չենք, էլի՛, հո զոռով չի՛»-ն: Իսկ մյուս՝ վրացական կողմում, այնուամենայնիվ, մտա՛ զուգարան… Ու որքա՜ն մեծ էր ուրախությունս, երբ տեսա, որ «եվրոպական բոլոր ստանդարտներին» համապատասխանող այդ անվճար զուգարանում չկա… զուգարանի թուղթ… Ըհը՜,- ներսումս գլուխ բարձրացրեց սկզբում ազգային չարախինդ  նախանձս-,- էնքան էլ անթերի չի էս վրացական կո՜ղմը, հետո էլ ասո՜ւմ են… Ապա՝ ազգային սնապարծությունս՝ ձեր  սաղ երկիրն էլ, մայրաքաղաքն էլ՝ հետը, հայերն են կառուցել, ձեր այբուբենը մեր Մաշտոցն է ստեղծել, ձեր գրականության սկիզբն ազդարարել եք «Շուշանիկի վկայաբանությամբ», ով հայուհի էր՝ Վարդան Մամիկոնյանի դուստրը, տո՛ ձեր Փիրոսմանին էլ է հայ եղել …  Ո՛ւֆ, ոնց որ թե նոպաս անցավ:

Ուղևորությունս Թբիլիսի կարճատև էր՝ երեք օրով: Ու միանգամայն սթափ ասեմ՝ տպավորված եմ: Քաղաքական խնդիրների մեջ չեմ մտնում, պարզապես՝ մակերեսից ստացված տպավորությունների մասին եմ խոսում, որոնց համաձայն, այսինքն՝ էդ տպավորությունների՝  Թբիլիսին անակնկալների քաղաք է՝ որ կողմ գլուխդ շրջում ես, մի սիրուն շենքի, մի գողտրիկ բակի, մի շքեղ հուշարձանի ես դեմ առնում: Ի՜նչ ասեմ՝ բոլոր համեմատությունները հօգուտ էս քաղաքի են: Բայց ներսս կրծում է «սուտ» հայրենասիրությունս, անընդհատ ուզում եմ թերություններ գտնել՝ էնքան էլ մաքուր չի էս Թբիլիսին, Քուռից «շան հոտ» է գալիս, «մեր» խինկալին էլ վատը չի, իսկ «օջախուրին»՝ նույնիսկ ավելի լավն է, մեր  Երևանի շոգը տանելի է, որովհետև «չոր շոգ» է, էստեղինը խոնավ է ու անտանելի… Ու նման այլ մանրախնդրություններ:

Ու քանի որ հիմա տրանսպորտի թեման թեժ է, մի քիչ էլ՝ դրա մասին: Թբիլիսիում երթևեկությունն անտանելի է, էս մեկը՝ լուրջ: Երբեք «զեբրի»՝ հետիոտնի անցուղու վրա քեզ ճանապարհ չեն զիջում: Ափսոս չե՞ն մեր վարորդները: Բայց դրա փոխարեն՝ տրանսպորտը, որից համարյա չեմ օգտվել, շատ լավ է աշխատում, երթուղայինները շատ սիրուն են՝ բոլորը դեղին ու թարմ: Ու երթուղայինների պատուհաններին սեղմված՝ ոչ մի տուտուզ՝ երեք օրվա ընթացքում, պատկերացնո՞ւմ եք: Բա ի՜նչ եք կարծում. եթե «Աշխարհի ամենասեքսուալ տրանսպորտի» մրցույթ հայտարարվեր, հաստա՛տ՝ մերն առաջին տեղը կգրավեր՝ թե՛ ներսից և թե՛ դրսից: Դե, իսկ «ամենասեքսուալի» հետ միասին՝ «ամենաթանկը» լինելու առաջնության հարցում ոնց որ թե էս «մեր» իշխանությունները հաջողության չեն հասնելու, ու էս էն դեպքերից մեկն է, երբ իրենց  անհաջողությունը մեր բոլորիս հաջողությունն է լինելու: Ա՛յ էդպե՛ս:

Սեդա Մեսրոպյան

Նախորդ հոդվածը‘Գծի մեջ և գծից դուրս’
Հաջորդ հոդվածը‘Նոր Նորքում տրոլեյբուսների վարորդները գործադուլ են անում’