‘Պատգամավորները իրավապահներին կոչ են անում չսրել իրավիճակը Գյումրիում’

1489

Չորեքշբաթի երեկոյան Գյումրիում ձերբակալված Մնացական Ալեքսանյանի ազատազրկման համար որևէ հիմք չկա, ասել է նրա փաստաբան Հայկ Հարությունյանը։

«Որպես ձերբակալման հիմք նշվել է, որ Ալեքսանյանը կարող է կատարել Քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կամ խուսափի պատասխանտվությունից։ Նման հիմքեր, բնականաբար, բացակա են։ Եթե նա փախուստի դիմելու լիներ, արդեն իսկ դիմած կլիներ, ուստի ձերբակալման հիմքեր չկան»,-«Ազատությանը» պարզաբանել է Հարությունյանը։

«Նա կասկածվում է խուլիգանության համար՝ խախտել է հասարակական կարգը, որպես զենք օգտագործվող այլ առարկա է նետել ոստիկանների վրա, խախտել է այլ անձանց հանգիստը, փակել է երթևեկությունը, հարվածել է ոստիկանության մեքենային»,- փոխանցել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո տեղի ունեցած ինքնաբուխ ակցիայից հետո հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով: Այդ ակցիաների մասնակից երիտասարդին, ըստ հարազատների, վերջին օրերին մի քանի անգամ ոստիկանություն են հրավիրել, անգամ անձնագիրն են պահել:

«Իմ քայլերը անկանխատեսելի են լինելու, թե ժողովուրդը ինչ կանի, դա ես չեմ կարող ասել»,- ասել է Մնացական Աելքսանյանի հայրը։

Սառնաղբյուրցիները ևս հաստատակամ են ձերբակալված երիտասարդին աջակցելու գործում։ Նրանք պատրաստ են փակել Գյումրի-Երևան ավտոմայրուղին և բողոքի այլ գործողությունների դիմել՝ համագյուղացու ազատ արձակման համար։

Հայտնի է նաև, որ այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:

«Վերահաստատելով սադիստին (Պերմյակովին) ՀՀ իրավապահ մարմիններին տալու մեր պահանջը և դատապարտելով ոստիկանների նկատմամբ ցանկացած տիպի բռնություն, հասկանալով ցույցի ընթացքում մարդկանց վարքագիծը և գնահատելով պահի ամբողջ լրջությանը և էմոցիոնալ լինելը. պահանջում ենք վերջ տալ ցույցի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումները և անմիջապես ազատ արձակել Մնացական Ալեքսանյանին»,- նշված է երթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ:

«Ի ցավ մեզ, բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում՝ կապված հունվարի 15-ի ցույցի մասնակիցներից մեկի՝ սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ»,- հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանըէ :

«Որքան հայտնի է, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և, բնականաբար, այս պահին ոչ ոք չգիտե, թե ինչ արարք է թույլ տվել նա: Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության սանկցիա է կիրառում այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել: Հուսամ, որ հանրությունն այս անհասկանալի իրավիճակի բացատրությունը կունենա հնարավորինս շուտ», — ասել է Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, գյումրեցի պատգամավորը տարակուսանք է հայտնում ձերբակալության կապակցությամբ և հարցնում.  «Արդյո՞ք հնարավոր չէ իրարանցման, գյումրեցիներին ափերից դուրս գալու ևս մեկ առիթ չտալ, արդյո՞ք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորրը պակաս կարևոր է, արդյո՞ք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել, արդյո՞ք սա անհաջող փորձ չէ շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքում ևս անդրադարձել է Մնացական Ալեքսանյանի գործին՝ ակնկալելով, որ պատկան մարմինները զերծ կմնան մարդկանց հրահրելու ավելորդ քայլերից:

«Վերջին ժամանակահատվածում իրավապահ մարմիններին ողջախոհության կոչերի պակաս չի եղել։ Սակայն մի բան ակնհայտ է, որ այդ կոչերը անարդյունք են և դեռ շատ երկար են հնչելու։

Ես, ինչպես և բազմաթիվ այլ քաղաքացիներ, հստակ տեղեկատվություն չունենք, թե որն է Մնացական Ալեքսանյանի ձերբակալման իրավական հիմքը, բայց եթե դա կապված է հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած հասարակական բողոքի հետ, ապա կարծում եմ՝ ևս մեկ անգամ պետք է ողջախոհության կոչ անեմ։ Իշխանության անգործության և ոչ ադեկվատ արձագանքի պատճառով ծագած բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ որևէ գործողություն լրացուցիչ լարվածություն առաջացնելու պատճառ կարող է հանդիսանալ։ Ես ակնկալում եմ, որ պատկան մարմինները զերծ կմնան մարդկանց հրահրելու ավելորդ քայլերից»,- գրել է Վարդանյանը։

Իր հերթին՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանի ձերբակալության դեպքի առթիվ՝ կոչ անելով պաշտպանին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ալեքսանյանին ազատ արձակելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Սիրտս ու հոգիս «Բորուսիայի» հետ են»’