‘Պատգամավոր. Գալուստ Սահակյանի տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել’

1211

Գագիկ Ծառուկյանի ելույթին որպես Գալուստ Սահակյանի արձագանք ներկայացված տեքստը հաստատ Գալուստ Սահակյանը չի գրել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, թե իբր նախօրեին ԲՀԿ հրավիրած համաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթի վրա «մի քանի հոգի են աշխատել», եւ որ տեքստում տրամաբանական հակասություններ կան:  

«Տեքստը, եթե ուշադիր կարդաք, հաստատ Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, ուղղակի դրանք Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն», — ասաց պատգամավորը:

Ստեփան Մարգարյանի խոսքով, այնուհանդերձ, ավելի նախընտրելի է այս կամ այն ելույթի վերաբերյալ բովանդակային բանավեճ ծավալել՝ պոպուլիստական խոսք ասելու փոխարեն: Ինչ վերաբերում է «հակասություններին», ապա, ըստ Մարգարյանի, հակասություններ կարելի է տեսնել ամեն օր՝ օրենքի պահանջի ու իշխանությունների գործողությունների մեջ: Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ  ԱԺ մեծամասնությունը, հակառակ կանոնադրության պահանջի, քննարկման չի դնում ընդդիմության ներկայացրած՝ «Կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը, ինչպես նաեւ՝ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որը նույնպես ընթացավ օրենքի խախտմամբ:

«Հակասություն է, որ ԱԺ-ն իշխանության կարեւորագույն մարմին լինելուց վերածվում է գործադիր իշխանության կցորդի», — նշեց պատգամավորը:

Խոսելով շրջանառության հարկի մասին օրենքի դեմ հասարակական ընդվզումից՝ Մարգարյանը նշեց, որ դա ինքնաբուխ, իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով առաջացած շարժում էր, որին միացան քաղաքական ուժերը: «Այսուհետեւ եւս իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց կողքին ենք լինելու: Սա մեր որոշումն է եւ գործելաոճը», — նշեց պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Կենցաղային վեճի ժամանակ ամուսինը նռնակ է պայթեցրել. Կինն ու երեխան հիվանդանոցում են’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Իշխան Զաքարյանը գտնվում է տնային կալանքի տակ’