‘Պատգամավոր. Կառավարությունը չի կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարականը’

1612

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

— Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ գնաճը Հայաստանում շարունակում է ավելի բարձր լինել, քան միջին ամսական աշխատավարձը: Ձեր կարծիքով՝ սա ինչի՞ հետեւանք է:

— Ըստ կառավարության` սա հնարավորությունների հետեւանք է: Երբ մեր խմբակցությունն օրենսդրական նախագիծ էր ներկայացրել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ, հիմքում դրել էինք հենց գնաճի հաշվարկը: Սակայն կառավարությունը մերժեց մեր նախագիծը` ասելով, որ այն իրատեսական չէ:

— Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այս կառավարությունից ակնկալում է շոշափելի արդյունքներ, ակնկալում է առնվազն 5-7 տոկոս տնտեսական աճ, ակնկալում է, որ միջին ամսական աշխատավարձերի բարձրացումը շեշտակի ավելի լինի, քան գնաճը: Կարելի՞ է այսօր փաստել, որ կառավարությունը չի կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարականը:

— Այո, կառավարությունը չի կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարականը: Ընդ որում՝ այդ հանձնարարականը չի կատարել բոլոր լավատեսական ենթադրություններով անգամ: Թե դրանից հետո ինչ կանի կառավարությունը, ինչ կպահանջի Սերժ Սարգսյանը, ես չգիտեմ:

— Արդյո՞ք տրամաբանական չի լինի, եթե կամ կառավարությունն ինքնակամ հրաժարական ներկայացնի, կամ Ս.Սարգսյանն ինքը պաշտոնանկ անի նրանց:

— Տրամաբանորեն՝ այո, այդ տարբերակը ճիշտ է: Բայց ես չեմ տեսնում նման միտում: Ընդհակառակը, հիմա շրջանառության մեջ է դրվում պատճառաբանությունների մի շղթա, թե տնտեսական աճ չգրանցելու պատճառը համաշխարհային տնտեսական աճի տեմպերի նվազման միտումներն են, որոնք ազդել են նաեւ ՀՀ-ի վրա: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին ի պատասխան համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին զգուշացումների, վստահեցնում էին, թե ընդհակառակը, այդ ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, որ այն չի ազդի մեր երկրի վրա: Մենք տեսանք, թե այդ ամենի արդյունքում ինչ եղավ. պարզապես մեծ հարվածով փլուզվեց տնտեսությունը: Հիմա ինձ համար առնվազն տարօրինակ է` ինչպես եղավ, որ այն ժամանակ տնտեսական ճգնաժամը շրջանցում էր Հայաստանը, այսօր արդեն հետեւանքներ է ունենում Հայաստանի տնտեսության վրա:

— Իսկ 2014թ.պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ի՞նչ կասեք:

— Իմ կարծիքով, 2014թ. պետական բյուջեն բավական ռիսկային է: Որքան էլ կառավարությունը փորձում է ինքն իրեն ապահովագրել, միեւնույն է` ակնհայտ է ռիսկայնությունը: Մենք կասկածներ ենք հայտնել նաեւ հենց այս տարվա պետական բյուջեի վերաբերյալ: Բայց նաեւ մենք ներկայացրել ենք մեր առաջարկները, որոնք կխթանեին տնտեսությունը: Բայց դրանք կառավարության կողմից առանց լուրջ քննարկման, հենց օդի մեջ մերժվում են: Արդյունքում` այսօր ունենք այն, ինչ ունենք:

Զրուցեց Արման Գալոյանը

Նախորդ հոդվածը‘Կասպարովը դիմել է Լատվիայի Սեյմին՝ իրեն քաղաքացիություն շնորհելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘Պելե. «Ոսկե գնդակը» պետք է վիճարկվի Մեսսիի և Ռոնալդուի միջև’