‘Պատմության քառուղիներում կորածները’

1704

Մինչ գիտությունն ու գրականությունը, իրար հերթ չտալով, փորձում են ժամանակի մեքենա ստեղծել, որով հնարավորություն կտրվեր հետ գնալ անցյալ և կյանքը նորովի սկսել, իսկ եթե դա չի ստացվում, ապա գոնե ժամանակը կանգնեցնել ու այդ կերպ իրենց խնդիրները լուծել, հայ վերլուծագանգ միտքն արդեն շուրջ քսան տարի այդ ժամանակի մեքենան ոչ միայն հայտնագործել է, այլև հենց դրա մեջ էլ ապրում է:

Նրանք այնպես են ժամանակը կանգնեցրել, որ իրենց թվում է, թե Հայաստանի գործող նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է, իրենք էլ իրենց ընդդիմադիր վիճակով պայքարում են նրա դեմ:

Դե լավ, հասկացանք, այնքան են «սիրում» Լևոնին, որ իրենց համար մինչև հիմա նա է երկրի ղեկավարը, բայց, չգիտես ինչու, մշտապես մոռանում են, որ իրենք վաղուց ընդդիմություն չեն, այլ այս կամ այն կերպ՝ իշխանության ներկայացուցիչը կամ իշխանության կցորդը:

Բայց ինչ ուզում ես արա, միևնույն է` իրենց ստեղծած «ժամանակի կանգնեցման» մեքենան անխափան է աշխատում, ու հենց Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերը թուլանում են, իրենք «խոդի են տալիս» այդ մեքենան: Բա գիտե՜ք` մութ ու ցուրտ, մազութը լափեցին, ատոմակայանը փակեցին, հոսանքը հողին հանձնեցին, Լենինի արձանը հրապարակից հանեցին…

Հենց ուզում ես հիշեցնես, որ 2013 թվականի ավարտն է, իսկ իրենց պատմածից անցել է արդեն քսան տարի, իրենք կրկին «խոդի են տալիս ժամանակի մեքենան» ու կրկնում, որ այդ ամենի հիմքերը Լևոնն է դրել, ու վերջ: Մնում է մեկ էլ հայտարարեն, որ իրենց հիմքերն էլ է Լևոնը դրել, որ լրիվ համոզվես, թե ինչ վատ բան կա՝ Լևոնի պատճառով է:

Ու փորձում ես նրանց բացատրել, որ ժամանակը չի սկսում Լևոնով ու նրանով չի ավարտվում, որ Լևոնից առաջ էլ է աշխարհ եղել՝ Սովետ է եղել, Առաջին հանրապետություն է եղել, դրանից առաջ Արևմտյան Հայաստան է եղել, Կիլիկյան Հայաստան է եղել, դրանից առաջ էլ մեր իմացած թագավորական տոհմերը, իսկ դրանից առաջ էլ ուրարտացիներ, ու եթե ավելի խորանանք, ուրիշ բաներ էլ կբացահայտենք: Փորձում ես բացատրել, որ Լևոնից հետո իշխանության են եկել «ազգի ցավերով տապակվողները», ծովից-ծով Հայաստան «կերտողները», Ստամբուլը արյան ծով դարձնողները, «Ապահով Հայաստան» կառուցողները, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս հանողները, Հայաստանի հանքերը օտարներին հանձնողները… Մինչդեռ այդ «Արցախը հանձնող» Լևոնի ժամանակ ոչ միայն ոչ մի հանք չսեփականաշնորհվեց, այլ նաև Արցախը ազատագրվեց ու երկու անգամ մեծացավ: Միևնույն է` նրանք անդրդվելի են:

Բայց այս «ժամանակի մեքենան» ստեղծողների ֆենոմենն այն է, որ նրանք որևէ դրական բան չեն հիշում անցյալից, նրանց մեքենան միայն բացասականի ֆայլերն է բացում: Ինչ ձևով ուզում ես փորձիր, միևնույն է`այդ մեքենան անխափան է աշխատում, և այդ մեքենան ստեղծողները այն ժառանգաբար հանձնում են իրենց «բալիկներին», որպեսզի նրանք էլ իմանան, որ ինչ էլ Հայաստանում լինի, միևնույն է` պետք է պայքարել «լևոնականների» դեմ:

Հետաքրքիրն այն է, որ ենթագիտակցորեն նրանք ընդունել ու պայքարի թիրախ  են ընտրել «լևոնականներին», քանի որ, ըստ իրենց, եթե Հայաստանում որևէ բան փոխվի, դա կարող են անել միայն «լևոնականները»:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է «Հեռուստամարաթոն-2013»-ի փարիզյան գրասենյակ’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայում հայ զինծառայող է զոհվել’