‘Պարզաբանում՝ զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի սպանության, Արեգ Բաղդասարյանին և Հակոբ Գևորգյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ հարուցված գործով’

1521

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում» «Խաղաղության երկխոսություն»  հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ» տարածած հայտարարության վեաբերյալ հայտնում ենք, որ  06.04.2016թ. ՀՀ ՔԿ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2016թ. ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 02:30-03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի և Սուրեն Արթուրի Արամյանի սպանության, շարքայիններ Արեգ Արտակի Բաղդասարյանին և Հակոբ Վարազդատի Գևորգյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ:

Նույն օրը կազմվել է քննչական խումբ, անմիջապես զննվել է դեպքի վայրը, որտեղ վրանի դիմաց հայտնաբերվել է Գրիգոր Ավետիսյանի դին` հրազենային վնասվածքներով, կողքին` իրեն իսկ ամրակցված ինքնաձիգը, վրանի դիմացի աջ հատվածում հայտնաբերվել են Դավիթ Դումիկյանի ինքնաձիգից կրակված մեծ թվով պարկուճներ, իսկ վրանի նախամուտքի դիմաց և նախամուտքում հայտնաբերվել է Գ.Ավետիսյանի ինքնաձիգից կրակված պարկուճներ: Վրանի ներսի աջ հատվածում հայտնաբերվել է Սուրեն Արամյանի դին` հրազենային վնասվածքներով, որը տեղաշարժելուց հետո դիակի տակից` մեջքի հատվածից, հայտնաբերվել է գնդակ` կրակված Գ.Ավետիսյանի ինքնաձիգից:

06.04.2016թ. ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վլադիմիրի Դումիկյանը մեղայական է ներկայացրել ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժին և հայտնել, որ Գրիգոր Ավետիսյանին և Սուրեն Արամյանին սպանել է ինքը, քանի որ վերջիններս  պարբերաբար ստորացրել են իր արժանապատվությունը:

06.04.2016թ.` ժամը 22:25-ին, Դ.Դումիկյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով և որպես կասկածյալ տրված ցուցմունքում հերքել է Գրիգոր Ավետիսյանին, Սուրեն Արամյանին իր կողմից սպանելու հանգամանքը և նշել, որ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի ուղղությամբ կրակոցներ չի արձակել, նրանց չի սպանել: Ավելին, 06.04.2016թ.` ժամը 02:30-ի սահմաններում, վրան չի մտել: Նշված օրը և ժամին Գ.Ավետիսյանի հետ միասին ծառայություն է կատարել վրանի մոտակայքում: Իրենց պահպանության ներքո գտնվող հրանոթների մոտ Գ.Ավետիսյանը շարժ է նկատել, որի մասին հայտնել է իրեն և վազելով մոտեցել է վրանի մուտքի դռանը: Այդ պահին ինքը գտնվել է վրանի գրեթե հետնամասում՝ անկյունային հատվածում: Առաջ է շարժվել և վրանի միջնամաս հասնելով` լիցքավորել է ինքնաձիգը: Այդ պահին վրանի միջից նկատել է մուտքի դռնից դեպի հետնամաս կրակահերթի բոցերը և առաջանալով կրակահերթեր է արձակել հրանոթների ուղղությամբ: Այդ պահին Գ.Ավետիսյանն իր տեսադաշտում չի գտնվել: Չի բացառել, որ իր կրակահերթը կարող է կպած լինել նաև Գ.Ավետիսյանին: Կրակահերթեր արձակելուց մի քանի վայրկյան անց մտել է վրան և տեսել, որ Ս.Արամյանը մեջքի վրա ընկած է, իսկ մարտկոցի հրամանատարը փորձել է առաջին օգնություն ցույց տալ նրան:

Այնուհետև, 08.04.2016թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով առաջադրված մեղադրանքում Դ.Դումիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել և  պնդել է որպես կասկածյալ իր կողմից տրված ցուցմունքը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է Դ.Դումիկյանի կողմից Գ.Ավետիսյանին սպանելու փաստը, սակայն ձեռք բերված ապացույցներով հերքվել է նրա կողմից Ս.Արամյանին սպանելու, Արեգ Բաղդասարյանին ու Հակոբ Գևորգյանին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները:

ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը հիմնականում նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել այն մասին, որ վրանի ներսում կրակոցներ արձակվելու պահին իրենք եղել են քնած, արթնացել են կրակոցների ձայներից, սակայն Ս.Արամյանին սպանող, Ա.Բաղդասարյանին ու Հ.Գևորգյանին մարմնական վնասվածքներ պատճառող անձին չեն տեսել:

Դատաձգաբանական-դատահետքաբանական-դատամատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` վրանի նախամուտքում և դրա դիմաց հայտնաբերված թվով 7 պարկուճները կրակվել են Գրիգոր Հերմոնի Ավետիսյանին ամրակցված ինքնաձիգից: Սուրեն Արամյանի դիակի տակից հայտնաբերված գնդակը կրակվել է Գրիգոր Հերմոնի Ավետիսյանին ամրակցված ինքնաձիգից:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է նաև դեպքին նախորդող ժամանակահատվածում տվյալ մարտկոցի հրամանատար, կապիտան Ռոման Հակոբյանի և հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ֆելիքս Հովհաննիսյանի կողմից իշխանության անգործություն դրսևորելու փաստերը:

04.03.2017թ. որոշում է կայացվել քրեական գործից անջատված մասն՝ ըստ մեղադրանքի Դավիթ Վլադիմիրի Դումիկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, Ֆելիքս Հակոբի Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, և Ռոման Հայկազի Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Քրեական գործով դատաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, բազմիցս անցկացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են կրակային դիրքի և զորամասի զինծառայողները, քաղաքացիական անձինք, զննության են ենթարկվել դատարանի որոշմամբ ստացված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները և այլն:

Այսպիսով՝ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, որի արդյունքում չի հիմնավորվել, թե ով /ովքեր/ է սպանել Ս.Արամյանին, հրազենային մարմնական վնասվածքներ պատճառել Ա.Բաղդասարյանին, Հ.Գևորգյանին և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ուստի՝  որոշում է կայացվել՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ Սուրեն Արամյանի սպանության, Արեգ Բաղդասարյանին, Հակոբ Գևորգյանին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի /անձինք/ հայտնի չլինելու հիմքով:

14.05.2019թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն ստացվել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանի տեղեկանք-գրությունը որում նշված են Գրիգոր Հերմոնի Ավետիսյանի մահվան վերաբերյալ մի շարք հարցեր: Նշված հարցերի շուրջ քննարկում կազմակերպելու համար Է.Խաչատրյանը հարվիրվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն, սակայն վերջինս հրաժարվել է և ցանկություն հայտնել քննարկումը կազմակերպել Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական նիստին՝ Սուրեն Արթուրի Արամյանի մասով քննարկումների ժամանակ: Տեղեկանք-գրությունն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի հերթական նիստին քննարկումներ կազմակերպելու համար:

Բացի այդ, տեղեկանք-գրությունն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ բարձրացված հարցերի շուրջ քննություն կատարելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  Քննչական կոմիտե

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Քոչարյանին պետք է «տղամարդու» մի իդեալ, որն ինքը չէ’
Հաջորդ հոդվածը‘Առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք՝ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ. ԱԱԾ’