‘Պարոն Լևոն Իգիթյան, հիմա էլ են ասում՝ «Արա, ամո՛թ ա»’

2555

«Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա Իգիթյանը չբացառեց, որ նման բան եղել է: «Ես թույլ եմ տալիս, որ նման բան եղել է, սուրբ չենք, չէ՞, չեմ կարող ասել` ով, ինչքան, դրանով չեմ զբաղվում: Ես չեմ տեսել, բայց չեմ ասում` չի լինում»: Այս խոսքի հեղինակը, ըստ ilur.am-ի, միանգամից հասկացաք, Լևոն Իգիթյանն է: Երևի չեք մոռացել` ճարտարապետ էր: Երևի նաև հիշում եք` Երևանի ավագանու անդամ է: Ընտրակեղծիքների մասին նրա այս դատողությունն ավագանու ընտրություններին չի վերաբերում, ու չգիտենք` Իգիթյանը ընտրակեղծիքներով է ավագանու անդամ դարձել, թե` ոնց: Ես վստահ եմ, որ «թե` ոնց», բայց տվյալ դեպքում Իգիթյանի խոսքը վերջին` նախագահական ընտրությունների մասին է, դրանից էլ խոսենք: Փաստորեն՝ Իգիթյանը սուրբ չէ (բա ես էլ կարծում էի` գոնե էս մեկը սուրբ է), բայց «թույլ է տալիս», որ ազգս մտածի` «նման բան եղել է»: Շնորհակալություն: «Թույլ է տալիս», բայց չգիտի` «ով, ինչքան»: Իսկ ովքեր էլ գիտեն` «ով, ինչքան», ըստ «ընտրյալ» ավագանու անդամի՝ երկրի ճակատագիրը թամաշայի վերածողներ են:

 Տեղ հասանք, իջեք: Այս մեղադրանքի հեղինակն այն մարդն է, որն իրեն «թույլ տվեց» ծառայել նրանց, ովքեր իր աչքի առաջ ներխուժեցին քաղաքի պատմական կենտրոն` «պետության կարիքները հոգալու համար», ենիչերիների նման մարդկանց իրենց տներից քարշ տալով փողոց շպրտեցին, որ Քոչարյան Ռոբերտի չունեցած ճաշակով ուրվականների պողոտա «երկնեն»: Իգիթյանին դա չհուզեց, իր համաքաղաքացիների ողբերգությունը եկավ ու «սահուն քայլերով» անցավ նրա կողքով: Ինքը սուրբ չէ, բայց այդ ժամանակ «սուրբ» գործով էր զբաղված: Տեսել եմ սեփական աչքովս, թե ոնց էր այս նույն Իգիթյանն իր ողջ հասակով վեր հառնել Հյուսիսային, մեր մեջ ասած՝ «պողոտայի» սկզբնամասում ու մայրական հոգատարությամբ Մայրապետյան Սամվելի անունն էր դաջել տալիս քարտաշներին` առ այն, որ այդ հսկա շենքաշիրիմները «կառուցել է» այդ պատին դաջված պարոնը: Իսկ թե քանի մարդ այդ «կառուցման» հետևանքով հիվանդանոց ընկավ, հիվանդանոցից էլ` էն աշխարհ, քանի Կենտրոնի բնակիչ անտուն մնաց կամ գաղթի ճամփան բռնեց, սա բոլորն իմացան, Իգիթյանը` ոչ. ինքը «դրանով չի զբաղվում»: Իր զբաղմունքն այն է, որ իրեն կերակրող ձեռքը չկտրեն, ուզում է` Մայրապետյան լինի, ուզում է` Մայրասպանյան: Ինքը հո պահանջատեր հասարակության նման նեղմիտ չէ, ինքը (Իգիթյանը, պանիմայեշ) «համամարդկային» պահանջատեր է: Հա՛, հա՛, ինքն է ասել ilur.am-ի լրագրողին, և իր այդ «համամարդկային» սարի կատարից նայում է նեղմիտ պահանջատերերին ու մտածում` էս բոշաներն ովքեր են, է՞: «Բոշաներն» էլ ովքե՞ր են՝ ըստ Իգիթյանի: Ճիշտ կռահեցիք, քաղաքի կենտրոնում «վրան դնողները», ավելի որոշակի` այս երկիրը երկիր դարձնել ցանկացողները, թալանչիներին ու նրանց հացկատակներին իրենց արժանի տեղը մատնացույց անողները, մարդասպաններին բանտախցերի ճամփան ցույց տվողները, անմեղ քաղբանտարկյալներին բանտի բաց դռան առաջ դիմավորել երազողները, իր հերթական տիրոջը` Սերժիկ Սարգսյանին «նախագահի աթոռի զավթիչ» հայտարարողները:

Ես չեմ էլ վիճարկում «համամարդկային» Իգիթյանի «բոշա» որակումը: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել` մեկ առանձին վերցրած «բոշայի» չեմ փոխի հազար-հազար լևոնիգիթյանների նման իշխանական «համամարդկայինների» հետ: Եւ այս պարոնի մտքի գոհարներին էլ չէի անդրադառնա, եթե մեր ունեցած միակ «համամարդկայինն» ինքը լիներ: Շատ են: Շատ չլինեին, Իգիթյանի նմանը հիմա մեծագույն «կառուցող» Մայրապետյանի ներքնահարկերից մեկում «պախկված» կլիներ իր նման «համամարդկայինների» հետ, որ հանկարծ «բոշաներին» դեմ-հանդիման դուրս չգար, ոչ թե հրապարակավ մեծ-մեծ կճամարտակեր:

Հ.Գ. «Սիվիլնեթի» կայքում համամարդկային Իգիթյանը մի խորախորհուրդ միտք էլ է հայտնել. «Երևանն այսօր չունի իր այն կարևոր ավանդույթը, երբ մարդիկ միասին էին ապրում, իրար հետ: Երբ մեկը մյուսին ասում էր. «Արա, ամոթ ա»: Սա էլ չեմ վիճարկում: Հնարավոր է, որ Իգիթյանի ապրած «Երևանում» մարդիկ միասին էին ապրում: Իմ հիշած Երևանում, իհարկե, ամեն մեկն իր տանն էր ապրում: Բայց որ մեկը մյուսին ասում էր՝ «Արա, ամո՛թ ա», դա ոչ միայն հիշում եմ, այլև պնդում եմ, որ հիմա էլ են ասում. «Արա, ամո՛թ ա»:

Իր խոսքն իրեն եմ վերադարձնում. «Արա, ամո՛թ ա»: …Բայց ու՞մ եմ ասում:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Կառլո Անչելոտի. «Բարսելոնայի» հետ խաղերը բարդ, բայց հետաքրքիր կլինեն’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ցուցակի կազմման հիմնական սկզբունքը կլինի երիտասարդության ներգրավումը քաղաքական գործընթացներին (տեսանյութ)’