‘Պարույր Հայրիկյանը կրկին փող է պահանջում. հիմա էլ 42 մլն դրամ՝ ամբաստանյալներից’

1057

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով այսօրվա դատական նիստում տուժողը ճանաչվեց նաև քաղհայցվոր, իսկ ամբաստանյալներ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը՝ քաղպատասխանողներ:  

Պ.Հարիկյանն այսօր ներկայացրեց քաղհայց՝  42 մլն. 524 հազար դրամի չափով ամբաստանյալներից գումար բռնագանձելու մասին: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնել է Պ.Հայրիկյանը, հայցապահանջի գումարի չափը որոշվել է՝ հիմնվելով  մահափորձի հետևանքով բուժման ծախսերի, ներառյալ՝ վիրահատությունների կառավարության հաշվարկի վրա: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մերժեց 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում տեղի ունեցած մահափորձի քննչական փորձարարություն նշանակելու մասին սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը: Դատարանը գտավ, որ դեպքի մասին կան ապացույցներ, այդ թվում՝ տուժողի ու ամբաստանյալի նախաքննական ու դատաքննական ցուցմունքները, որոնց արժանահավատության վերաբերյալ դատարանը գնահատականներ կտա խորհրդակցական սենյակում: 

Իսկ ամբաստանյալ Վ.Սեդրակյանից ամբաստանյալ Խ.Պողոսյանի կողմից գնված «Վոլվո» մակնիշի մեքենայի ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմը գտնում էր, որ միջնորդությունը կարևոր է, որպեսզի որևէ կասկած չլինի, թե մեքենան նախնական վարձատրություն է եղել՝  ապագային միտված: Ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ մեքենան վաճառվել է անցյալ տարվա հունիսին, երբ ոչ ինքը, ոչ Պ.Հայրիկյանը չէին առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածուներ: Միջնորդության դեմ առարկեց նաև մեղադրող կողմը՝ մեքենայի հանգամանքը մեղադրանքի ծավալի մաս չի կազմում, իսկ դատարանը հորդորեց պաշտպանին ու իր պաշտպանյալին հայտնել, եթե իրենց հայտնի է ավելին, քան կա գործի նյութերում: Պաշտպան Լ.Ավետիսյանը, սակայն, հավաստիացրեց, որ իրենց ավելին հայտնի չէ:  

Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը Facebook-ի իր էջում տեղադրել է Պարույր Հայրիկյանի հայցադիմումը, ըստ որի՝ Հայրիկյանը 42 մլն 524 հազար դրամ փոխհատուցում է պահանջում հասցված վնասի համար:

Նախորդ հոդվածը‘Շուշան Պետրոսյանի ամուսինը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը փոխհատուցում է պահանջում Վարդան Սեդրակյանից’