‘Պե՞տք է արդյոք լսել ռետրո-վերլուծաբաններին ‘

1511

«Հիմա դեռ էլի՛ հնարավորություն կա միասնական

քաղաքական պրոցես առաջ տանելու`

առանց դեմագոգիայի»:

Լևոն ՏերՊետրոսյան

Հայրենասիրությունը նվաստ մասնագիտություն դարձրած նոմենկլատուրշչիկները, գուցե շատ էլ ազնիվ, բայց, թող ներվի ասել՝ դեռ շատ խակ որոշ ակտիվիստներ ու խարդավանքը օրվա հիմնական անելիք սարքած գորշ կարդինալներն ու ռետրո-վերլուծաբանները ցնծության մեջ են:

Ձևակա՛ն ցնծության, իհարկե: Որովհետև իրականում սրանք բոլորը սարսափած  են, այո՛, որոշակի խնդիրներ երևան բերած, բայց, այնուամենայնիվ, միավորման իմաստով հանրության մեջ առկա պահանջարկը վերջապես հաշվի առած քաղաքական ուժերի և քաղաքացիական շրջանակների համախմբումից:

Եւ քանի որ այս միավորումը, նկատե՛լ ենք արդեն, շատ հնարավոր է՝ կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարից հասունանա՝ աննկատ վերածվելով հստակ իշխանափոխության պահանջի, Բաղրամյան 26-ը հերթական անգամ ասպարեզ է բերել հին ու նոր դեմքերի, ովքեր ցավալիորեն ծանոթ ձեռագրով փորձում են ոչ մի կերպ թույլ չտալ, որ դա պատահի…

«Ո՞ւմ հետ և ո՞ւր» հարցադրումն, այսպիսով, որ սադրիչների հիմնական խայծն է, այս օրերին ամենաարդիականն է: Ընդ որում՝ հարկ է գիտակցել, որ մինչև այս հարցադրմանը հասնելը՝ արդե՛ն իսկ ահռելի աշխատանք էր կատավել նրանց բոլորի կողմից:

Նախ, Բաղրամյան 26-ին քրտնաջան օգնելով՝ ամեն փորձ արին, որ Կոնգրեսը պառակտեն՝ ջլատելով նաև համաժողովրդական շարժումը: Հետո երբ տեսան՝ մեծապես վնասելով հանդերձ, Շարժման մահվան մասին լուրերը չափազանցված էին, սկսեցին Շարժմանն ու նրա առաջնորդին մեղադրել հաջողության չհասնելու մեջ, ասես՝ հենց իրենք ամեն բան չարին, որ հաջողությունը դեռ երկար ժամանակ չկայանա:

Երբ տեսան՝ դրանից էլ բան դուրս չեկավ, անցան նոր կարգախոսերի հնարմանը: Իբր՝ լիդերների ու քաղաքականության ժամանակն անցել է, և հարկավոր է ճանապարհ բացել քաղաքացիական հասարակության կողմից օրակագի ձևավորման ու նրա հաղթանակի համար:

Բայց երբ այստեղ էլ անհաջողության մատնվեցին, որովհետև ակնհայտ էր կուսակցություններին քաղաքացիական հասարակության մաս չընկալելու տգիտությունն ու ռեգրեսը, այժմ էլ անցան նոր հեծանիվ հորինելուն:

Իբր՝ եթե նույնիսկ Մովսեսը ժողովրդին առաջնորդել է Կարմիր ծովով, նա, միևնույն է, պիտի Ավետյաց երկիր չմտնի՝ ասպարեզը երիտասարդ Հեսուին զիջելով:

Ով է այդ Հեսուն, եթե, ենթադրենք, Մովսեսը Տեր-Պետրոսյանն է՝ անհայտ է: Գիտենք միայն, որ հիմա նրան ոմանք երիտասարդ, առողջ սերունդ են ասում:

Չէ՛, բան չունենք ասելու: Չենք ասում՝ այս ժողովրդի արգանդն այլևս չորացած է: Պարզապես, չենք պատկերացնում, թե երիտասարդ, առողջ սերունդը, որը, նկատենք, ահագին էլ անդեմ-չշոշափվող մի բան է, ինչպես է ոչ միայն հաղթելու, այլև գնալու՝ Բաղրամյան 26-ում մեզ ծառայելու:

Բայց տես որ՝ նա տեղը տեղին խրախուսվում է: Իբր՝ ի՛նքն է շարժիչ ուժը, իբր՝ կուսակցությունները նրա համար բեք-վոկալ են ընդամենը, նաև՝ գաղութարար, իսկ իրականում՝ խղճուկ, որովհետև մեր ապագան կապում են բացառապես Հայաստանը գաղութացնելու ուղղությամբ՝ Ռուսաստանի քաղաքականության հետ: Իբր՝ աշխարհն աջակցում է նրանց, ովքեր ցանկանում են լինել անկախ ու ազատ, ո՞ւմ են պետք այլևս ինչ-որ մեկի վասալները:

Աշխարհին մի կողմ թողնենք: Տեսանք՝ ինչպես աջակցեցին Հրապարակի ազատներիս ու ոնց սրանց հետ միասին պարտակեցին մեր արյունը:

Ծիծաղելին, նախ և առաջ՝ այն է, որ այսօրինակ մտքերի հեղինակներն ուղնուծուծով ռուսական ազդեցության մարդիկ են, ովքեր այդպես էլ գոնե նորմալ հայերեն չսովորելով՝ շարունակում են մեզ հետ թարգմանիչների ու թարգմանչուհիների միջոցով շփվել:

Դե իսկ հանճարեղն էլ այն է, որ բացառելով կուսակցություններն ու այդպիսով նաև՝ քաղաքական պայքարն ընդհանրապես, սրանք երիտասարդ սերնդին հորդորում են գարնանը…նոր դիմադրությու՞ն սկսել: Ո՛չ, նո՛ր կուսակցություն ստեղծել:

Վերջնականապե՞ս են ցնդել՝ կհարցնեք:

Բոլորովի՛ն: Սրանք շատ լավ գիտեն՝ ինչ են անում: Իրենց հենց դա էլ հանձնարարված է. Բաղրամյան 26-ի սիրույն՝ պառակտել, անվստահություն սերմանել քաղաքական դաշտի և հատկապես՝ Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ, նոր խաղացողներ մտցնել դաշտ՝ նոր հավակնություններով ու դերակատարմամբ, և որ ամենակարևորն է՝ ո՛չ երեք նախագահներին ու ռետրոպոլիտիկաններին կարգախոսներով

Ի միջի այլոց, մինչև սրանք այս գործը լմցնեն, մարդկանց մի ուրի՛շ խմբակ էլ ա՛յլ գործով է զբաղվում:

Օրինակ, կուտակված զայրույթն ուղղում է կառավարության ու նրա ղեկավարի դեմ, Տիգրան Սարգսյանին դարձնում քավության նոխազ, ձեռքի հետ էլ մի քանի փոքրիկ՝ պուրակատիպ նվերներ մատուցելու ծրագրեր մտմտում: Նաև՝ երիտասարդ, առողջ սերնդին ներշնչում, որ այն, ինչ կլինի՝ աննախադեպ հաղթանակ կարող է որակվել:

… և այդպես՝ մինչև սահմանադրական բարեփոխում կոչվածը վրա հասնի:

Այ երբ դա լինի՝ էլ ո՞վ է հարցնելու՝ Մաքսային միության կողմնակից ես, թե Եվրամիության հետ ասոցացման: Առողջ ես, թե հիվանդ: Ծեր ես, թե երիտասարդ:

Աչքդ էլ չես ճպի ու մեկ էլ կտեսնես՝ իշխանությունն այս անգամ էլ խորհրդարանական հանրապետության ֆորատով է ինքն իրեն վերարտադրել՝ 2014-ի ցանկալի գարունը հերթական ծանր ձմռան ձևափոխելով:

Այնպես որ՝ ոչի՛նչ, որ այդ ընթացքում Կոնգրեսը մի քիչ էլ քարկոծվի: Կարևորը՝  նրա շնորհիվ ոչ միայն մեկը մյուսի ետևից իշխանական փուչիկներն ու բլեֆներն են ծակվում, այլև բանականությունն ու քաղաքականությունը չեն արտագաղթում Հայաստանից, ինչպես մեր հազարավոր հայրենակիցներ:

Ինչպես ասում են՝ կդիմանանք մի կերպ:

Մինչև երկրում սահմանադրական կարգի վերականգնում,  իհարկե:

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Ամանորը լրագրողների հետ կդիմավորի չինացիների նման. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Տեսանելի ապագայում, հնարավոր է՝ հողին հանձնվի Լենինի դին’