‘Պե՞տք է արդյոք Վարդան Սեդրակյանին նման փաստաբան’

2224

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ, ըստ էության, կրկնել է այն, ինչ iLur.am-ն արձանագրել էր նախօրեին, այն է՝ Վարդան Սեդրակյանին կալանավորել են ապօրինաբար, քանի որ մինչև ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից վճռի հրապարակումը Սեդրակյանն օգտվում է նախագահի թեկնածուին վերապահված իրավունքներից:

Սեդրակյանի փաստաբանը, ճիշտ է, իր հայտարարության մեջ մոռացել է նշել մեկ կարևոր հանգամանք՝ ԿԸՀ դիրքորոշումը իր կասկածյալին կալանավորելու հարցի վերաբերյալ, քանի որ ԸՕ 87 հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ԿԸՀ-ը իրավասու է նախագահի թեկնածուի նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիրքորոշում արտահայտել  հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

ԿԸՀ-ը, ինչպես կրկին տեղեկացրել ենք նույն հոդվածում, Սեդրակյանի կալանքի հարցով որոշում չի կայացրել:

Վարդան Սեդրակյանին կալանավորել են մարտի 6-ի գիշերը: Առավոտյան արդեն փաստաբան Սիրունյանն այդ փաստը հաստատել էր լրատվամիջոցներում: Սակայն իր պաշտպանյալի կալանավորումից միայն օրուկես անց է նա հայտարարում, որ Սեդրակյանի կալանքի անօրինական է: Ընդ որում, երեկ ողջ օրը մենք փորձում էինք պարոն Սիրունյանի ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա: Սակայն նրա հեռախոսը լռում էր. ըստ երևույթին՝ հարգարժան փաստաբանը ուսումնասիրում էր ՀՀ օրենսդրության նրբությունները:

Սիրունյանի այսօրվա հայտարարությունից նաեւ անհասկանալի է՝ արդյո՞ք նա պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը, թե՞ երկար տարիներ աշխատելով դատախազությունում, պարոն Սիրունյանը դատարանի որոշումը ընդունում է որպես անքննելի ճշմարտություն:

Նկատենք, որ Ալեքսանդր Սիրունյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: Նա երկար տարիներ (1993-2009թթ.)  աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես դատախազ (ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, նա մասնակցություն է ունեցել նաեւ Մարտի 1-ի գործի քննությանը) և վերջին մի քանի տարիներին ներկայանում է որպես փաստաբան:

Հ.Գ. Խորհուրդ կտանք Ալեքսանդր Սիրունյանին՝ կիսատ-պռատ հայտարարության տեքստով «Ֆեյսբուքում» տարբեր ժամերի մի քանի անգամ կիսվելու փոխարեն հստակ պարզաբանումներ տալ լրատվամիջոցներին՝ հարցազրույցների կամ մամուլի ասուլիսի միջոցով: 

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Ֆերգյուսոնին’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետը ազատազրկվեց 8 տարի ժամկետով’