‘ՊԵԿ-ը առևտրային խոշոր ցանցերից պահանջել է գործել բացառապես օրենսդրության շրջանակում’

2037

Պետական եկամուտների կոմիտեից փոխանցում են, որ ՊԵԿ նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների`անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները:

«Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,- ըստ ՊԵԿ հաղորդագրության տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ: 

ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցրել  է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները. «Հետևողական ենք լինելու և շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի և նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակում է քննարկումները ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Ինչպես կգործի պարտադիր կուտակայինը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Աղվան Հովսեփյան. երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով’