‘ՊԵԿ-ը ստիպում է բոլոր տնտեսվարողներին անխտիր $900 վճարել նոր ՀԴՄ-ների համար’

1701

Դեռեւս անցյալ տարի ընդունված օրենքի համաձայն, հայաստանցի տնտեսվարողների վրա պարտավորություն է դրվել մինչեւ 2014-ի հունիսի 1-ը ձեռք բերել նոր տիպի բազմաֆունկցիոնալ հաշվիչ –դրամարկղային մեքենաներ: Դրանք ապահովված են ինտերնետ կապով եւ տնտեսվարողի գործունեության մասին տեղեկատվություն են փոխանցելու ՊԵԿ տեղեկատվական կենտրոն:  Նոր ՀԴՄ-ներ պետք է  տեղադրեին նախ` խոշոր հարկատուները, ապա` միջին (500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող) եւ մանր հարկատուները:

Արդեն այս տարվա հունիսի 27-ին ընդունած որոշմամբ  Կառավարությունը սահմանել է 500 միլիոն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ստացող ընկերությունների համար բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների վաճառքի առավելագույն գինը` 400 հազար դրամ: 

Ընդ որում, Կառավարության որոշման համաձայն, 500 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող տնտեսվարողների ձեռք բերած ՀԴՄ-ներից ստացված շահույթը պետք է ուղղվեր այլ հարկ վճարողների (500 միլիոնից ցածր իրացում ունեցող տնտեսվարողների) կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ների արժեքի մասնակի փոխհատուցմանը:

Պարզ ասած` ավելի խոշոր հարկատուները պետք է օգնեին ավելի փոքր հարկատուներին ավելի էժան գնով ձեռք բերելու նոր ՀԴՄ-ները:

Սակայն իրականում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը բոլոր տնտեսվարողներին, անկախ շրջանառության ծավալներից, պարտադրում է ՀԴՄ-ներ ձեռք բերել միեւնույն` 369 հազար դրամով: ՊՈԱԿ-ում փոքր հարկատուներին զեղչ չտրամադրելը բացատրում են այսպես. քանի որ Կառավարությունը  զեղչի չափը չի սահմանել, մենք 0% զեղչ ենք սահմանում, որպեսզի չսխալվենք: 

Մեզ հետ զրուցած տնտեսվարողը, որի տարեկան շրջանառությունը 500 միլիոնից պակաս է, նշեց, որ վերջին մի քանի տարիներին մի քանի անգամ նոր ՀԴՄ-ներ է ձեռ բերել: Նախ`մոդիֆիկացված ՀԴՄ-ներ 50 հազարական դրամով, այժմ էլ ստիպված է մինչեւ նոյեմբերի 1-ը իր ձեռնարկության համար անընդունելի` 369 հազարական դրամ գնով ձեռք բերել եւս երկու բազմաֆունկցիոնալ ՀԴՄ:

«Նախ, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ նախկինում ձեռք բերված չորս սարքերի հետ, բացի դրանից, չգիտեմ, թե ինչպես պետք է ծածկեմ նոր սարքերի ծախսերից առաջացած վնասը», — դժգոհեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, միակ միջոցը իրացվող ապրանքի գինը թանկացնելն է:  

Ըստ մեր զրուցակցի, Կառավարության որոշումը թույլ չի տալիս առանձին տնտեսվարողների այլընտրանքային գներով ձեռք բերել ՀԴՄ-ները, քանի որ, եթե համապատասխան օրենքում նշված են բազմաֆունկցիոնալ սարքերի  չափորոշիչները, ապա Կառավարության հիշյալ որոշումն արդեն սահմանել է դրանց մոդելը`«ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերության արտադրած, MS-2351:  

«Ենթադրենք, ես Չինաստանից էժան գնով պատվիրում եմ չափորոշիչներին համապատասխանող սարք, բերում եմ, եւ պարզվում է, որ իմ բերածը MS-2351-ի ծրագրային պահանջներին չի բավարարում», — նկատեց մեր զրուցակիցը:

Այսպիսով, Կառավարության «թեթեւ ձեռքով» հերթական մենաշնորհն է սահմանվել, որը պարտադրելու է շուրջ 60 հազար տնտեսվարողների մեկ տեղից եւ միեւնույն գնով ձեռք բերել միեւնույն ապրանքը:

Հ.Գ. iLur.am-ը հարցում է ուղարկել Պետեկամուտների կոմիտե` ստանալու համար նոր բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ների վերաբերյալ կուտակված հարցերի պատասխանները: Դրանք ստացվելուն պես կհրապարակվեն:

 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան Բարսելոնայում հանդիպել է Վիլանովային ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում հովանավորվում է ռասիզմը. Բաց նամակ’