‘Պենտագոնը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկությությունները’

1377

Պենտագոնը հաստատել է Անկարայի հայտարարությունը՝ ռուսաստանյան ինքնաթիռների կողմից թուրքական օդային սահմանը խախտելու վերաբերյալ: Այդ մասին կիրակի՝ հունվարի 31-ին, տեղեկացրել է РИА Новости-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթին:

«Մենք տեղյակ ենք այդ լուրերից և կարող ենք հաստատել, որ երեկ ռուսաստանյան ևս մի ռազմական օդանավ խախտել է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի օդային սահմանը,- հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը և հավելել:- Կարևոր է, որ ռուսներն ու թուրքերը խոսեն միմյանց հետ և քայլեր ձեռնարկեն՝ իրավիճակը չսրելու ուղղությամբ»:

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը հունվարի 30-ին կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ՝ նախորդ օրը, Մոսկվայի ժամանակով ժամը 12:46-ին, ռուսական Սու-34 ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելու առիթով: Նշվում է, որ կործանիչի օդաչուին նախազգուշացվել է խախտման մասին ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Իր հերթին՝ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսաստանյան ավիախմբի օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել, իսկ թուրքական կողմի հայտարարությունները «մերկապարանոց քարոզչություն են»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտության հարցը կքննարկեն փետրվարի 11-ին’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. «Ռոբին Հուդ» միջնադարյան լեգենդը’