‘Պենտագոնը 2014-ին իմպոտենցիայի դեմ պայքարի համար $125 մլն է ծախսել’

983

2014-ին ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը՝ Պենտագոնը, զինվորականների համար վիագրա գնելու նպատակով 41 միլիոն դոլար է ծախսել, եւս 84 միլիոն է տրամադրվել իմպտենցիայի դեմ պայքարի համար այլ դեղամիջոցների ձեռքբերման համար: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Military Times-ը:

Վերջին չորս տարվա ընթացքում իմպոտենցիայի դեմ դեղամիջոցների վրա բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 294 միլիոն դոլար: Պարբերականը նշում է, որ այդ գումարով հնարավոր կլիներ F-35 սերնդի չորս կործանիչ գնել:

Անցած տարի զինծառայողների համար ավելի քան մեկ միլիոն դեղատոմս է գրվել՝ նմանատիպ դեղամիջոցների համար (հաշվի են առնվել ոչ միայն նրանք, ովքեր ներկայումս են ծառայում, այլեւ նրանք, ովքեր թոշակի են անցել, ինչպես նաեւ՝ զինծառայողների ընտանիքների անդամները): Նշվում է, որ վիագրան ընդունել են ոչ միայն էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ պայքարի համար, այլ նաեւ թոքերի անոթային բարձր ճնշման դեպքում: Իմպոտենցիայի պատճառ են համարում ընկճախտը, նյարդաբանական խանգարումները, վնասվածքները:

Պարբերականի տեղեկատվությամբ, ԱՄՆ-ում վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է վիագրայի կարիք ունեցող զինվորականների թիվը: Ներկա դրությամբ ԱՄՆ կանոնավոր բանակի անձնակազմում ավելի քան 540 հազար զինվոր կա, ազգային գվարդիայի կազմում՝ 350 հազար, իսկ պահեստազորի կազմում ավելի քան 200 հազար մարդ կա:

 

Նախորդ հոդվածը‘Ներկայացվել է «Դվին» հյուրանոցի տարածքում նոր հյուրանոցի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի տարածքում պահվող հայ զինծառայողին’