‘Պենտագոն. Ռուսաստանը հրետանու խմբաքանակ է հասցնում գրոհայիններին’

1132

Պենտագոնի մամլո քարտուղար, գնդապետ Սթիվ Ուորենը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն արձանագրել է ռուսաստանյան խոշոր տարամաչափի հրետանային համակարգերի տեղափոխման փաստ Ռոստովի մարզով: Պենտագոնի կարծիքով՝ այդ զենքը մինչև շաբաթ առավոտ կարող է հայտնվել Ուկրաինայի արևելքում գործող անջատականների ձեռքին:

«Մեր դիտարկումների համաձայն՝ Ռուսաստանը մտադիր է ավելի հզոր և կատարելագործված ռեակտիվ համակարգեր փոխանցել ամենամոտ ապագայում»,- ասել է գնդապետը՝ հավելելով, որ համակարգերի տրամաչափը 200 մմ-ից ավելի է:

Ուորենի խոսքով՝ սպառազենքը Ուկրաինայի սահմանի անմիջական հարևանությամբ է գտնվում, և դրանց փոխանցումն անջատականներին կարող է տեղի ունենալ «այսօ՛ր իսկ»: Ամերիկացի զինվորականը դժվարացել է ասել՝ արդյո՞ք ռուսաստանյան անձնակազմերը կհատեն սահմանը, սակայն նա նաև նշել է, որ նման դեպքեր նախկինում եղել են: Ուորենի խոսքով՝ սահմանի մոտ մինչև 12 հազար ռուսաստանցի զինվորականներ են կուտակվել: Նա նաև կրկնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆի խոսքերն այն մասին, թե Ռուսաստանը սահմանի մյուս կողմից գնդակոծում է ուկրաինացիների դիրքերը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, ի դեպ, ուրբաթ օրը Հարֆի այդ ելույթն անվանել էր «սուտ», «վարկաբեկում» և «անապացուցելի զրպարտություն»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դիվերսիայի արդյունքում հայ զինվոր է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բաց նամակը՝ ՇՄԱԳ օրենքի ընդունման վերաբերյալ’