‘Պետբյուջեից 436 միլիոն դրամ կտրամադրվի՝ Մեքսիկայում, Կոնգոյում և Ինդոնեզիայում դեսպանատներ կառուցելու համար’

1072

Հաջորդ տարի արտաքին գործերի ֆինսավորման համար պետական բյուջեից հատկացվելու է 19 մլրդ 557 մլն դրամ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

«Կարևորագույն ծախսերից մեկը ներկայացուցչական հոդվածի գծով ծախսերն են: Ավելացված գումարներով երեք երկրներում՝ Մեքսիկայում, Կոնգոյում և Ինդոնեզիայում, դեսպանատներ կկառուցվեն (կտրամադրվի 436 մլն դրամ), ինչպես նաև մասամբ կլուծվեն դեսպանների բնակարանների վարձակալության, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերը», — նշեց ֆինանսերի փոխնախարարը:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշեց, որ նախարարությունը, հաշվի առնելով պետբյուջեի հնարավորությունները, համապատասխան ֆինանսական հայտ է ներկայացրել, որը մեծ մասամբ բավարարվել է: Նախարար խոսքով՝ հաջորդ տարի ևս Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցությունը միջազգային կազմակերպություններում:

Անդրադառնալով իր վերջին շրջագայությունների հետ կապված քննադատություններին ու նշված երեք երկրներում դեսպանատներ բացելու նպատակահարմարությանը՝ Նալբանդյանն ասաց, որ կոռեկտ չէ իր այցելած երկրները «էկզոտիկ» անվանելը: Նախարարը նշեց, որ, օրինակ, Ինդոնեզիայում արդեն տարիներ շաարունակ գործում է Ադրբեջանի դեսպանատունը, Կոնգոն էլ տասնյակ անգամ ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. Փարիզում հանդիպման գլխավոր նպատակը Ադրբեջանին կառուցողական բանակցությունների դաշտ վերադարձնելն էր’