‘Պետդեպի ներկայացուցիչը կստուգի ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ տեղեկատվությունը ‘

896

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի մասնակցությամբ ճեպազրույցի ընթացքում հարց է հնչեցվել ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ: Կատարվածը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան`Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղյակ չէ այդ միջադեպից, սակայն կստուգի այդ մասին տեղեկատվությունը և հանդես կգա մեկնաբանությամբ: Ճեպազրույցի ընթացքում հարց է հնչել նաև այն մասին, որ երբ Ադրբեջանն ուժ գործադրելու սպառնալիքներով է հանդես գալիս կամ խախտում է հրադադարի ռեժիմը, իսկ Պետքարտուղարությունը սովորաբար հանդես է գալիս ընդհանուր հայտարարություններով`«համահարթեցման սկզբունքով», ինչն արժանանում է Վաշինգտոնի հայկական լոբբիի և վերլուծաբանների քննադատությանը: «Դուք գանգատվո՞ւմ եք մեր հայտարարություններում հստակության բացակայությունից: Լավ, ընդունվեց ի գիտություն: Ակնհայտորեն ցանկացած իրավիճակ տարբերվում է: Բայց մենք կոչ ենք անում կողմերին` փորձել զերծ մնալ խախտումներից և խնդիրները լուծել խաղաղ միջոցներով»,- ասել է Մարի Հարֆը:

Նախորդ հոդվածը‘Դատարանը կալանավորել է Կիևում անկարգությունների ևս 11 մասնակցի’
Հաջորդ հոդվածը‘Կուտակային ֆոնդերի կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում’