‘Պետդեպ. Բեռնի հանդիպումը կարեւոր էր’

1413

Անցած շաբաթ օրը Բեռնում կայացած հանդիպումը Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին կարևոր հնարավորություն ընձեռեց՝ վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելու և հստակեցնելու իրենց դիրքորոշումները: Այդ մասին ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքով ներկայացնելով իր մեկնաբանությունները՝ Քըրբին ասել է նաև, թե Սարգսյանն ու Ալիեւը «իրենք ընդունեցին, որ տեղում իրավիճակը վատթարացել է, և մտահոգություն հայտնեցին ծանր զինատեսակների կիրառման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ»:
«Նրանց պահանջով, Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատել բռնության սպառնալիքը նվազեցնելուն ուղղված առաջարկների վրա: Համանախագահները նաև պատրաստ են աջակցել նախագահների հանդիպմանը եկող տարի՝ շարունակելու քննարկումները կարգավորման շուրջ», — հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նախորդ հոդվածը‘1 մլն ներգաղթյալ է ժամանել ԵՄ 2015-ին’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ջակոմո Պուչինին. խելահեղ արագությունը նրա տարերքն էր’