‘Պետրոս Մակեյանը գործարքի մեջ էր մտել Վազգեն Խաչիկյանի հետ. ԺՀԿ-ականներ’

1422

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամներ Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանի գործունեությանը: Հիմնադիր անդամները պնդում են, որ Մակեյանը ժամանակին գործարքի մեջ էր մտել սոցապահովագրության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի հետ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության(ԺՀԿ) նախագահ Պետրոս Մակեյանը, խախտելով ՀՀ կուսակցությունների մասին օրենքի` շահույթ չհետապնդելու պահանջը, 2006թ. գործարքի մեջ մտնելով ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանի եւ այլ պաշտոնյաների հետ, չեղյալ է համարել  կուսակցության 99 տարով կնքված պայմանագիրը եւ կնքել նոր, 5 տարով պայմանագիր ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հետ՝ մինչեւ 01.04.2011թ.: Այնուհետեւ, Պ. Մակեյանը 2006-2009թթ կուսակցության գրասենյակի 80 տոկոսը ենթավարձակալության տալով հիմնադրամին, կուսակցության հաշվին ստացել է 21.480.000 ՀՀ դրամ, որի մասին մենք, որպես քաղխորհրդի անդամներ, տեղեկացել ենք 2012թ. հուլիսին ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տեղեկանքից:

Այսպիսով, ԺՀԿ նախագահ Պ. Մակեյանի՝ կուսակցության հեղինակությունը վարկաբեկող, ապօրինի գործարքների պատճառով  2012թ. հուլիսին կուսակցությունը զրկվում է գրասենյակից եւ հայտնվում  փողոցում:

Ի պատասխան մեր պահանջի` բացատրություն տալ ստեղծված իրավիճակի համար, Պ. Մակեյանը, զգալով իրեն սպառնացող վտանգը, նախ ձեռնամուխ եղավ զանգվածային լրատվական  միջոցներով վարկաբեկելու մեր արժանապատվությունն ու հեղինակությունը, այնուհետեւ, մեր  պահանջները որակելով որպես կուսակցությունը կազմաքանդելու եւ  ուզուրպացնելու նպատակ, ինչպես նաեւ միջազգային «իմպերիալիզմի» պատվեր, խորամանկորեն վիժեցնելով քաղխորհրդի նիստերը, կեղծելով մի շարք փաստաթղթեր, առանց մեր մասնակցության կայացնում է որոշում, համագումարով ընտրված քաղխորհրդի անդամներին կուսակցությունից հեռացնում:

Այսպիսով, չխորանալով մանրամասնությունների մեջ, Պ.Մակեյանը «ԺՀԿ» -ն   փաստորեն դարձրել է շահույթ հետապնդող մասնավոր սեփականություն:

 

ԺՀԿ կուսակցության հիմնադիր անդամներ՝ Ղուկաս Մեհրաբյան, Պետրոս Գեւորգյան 

                                                                                                     

Նախորդ հոդվածը’81 քաղաքացի միացել է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնող խմբին’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը ներկայացրել է իր ընկերուհուն. Ֆոտոշարք’