‘Պետքարտուղարության պնդմամբ՝ Սենցովին չեն փոխանակի երեք ռուսաստանցիների հետ’

2065

BBC-ի ռուսական ծառայությունը ԱՄՆ պետքարտուղարության իր զրուցակցից մեկնաբանություն է ստացել ռուսաստանյան ԶԼՄ-ների այն վարկածի վերաբերյալ, թե հանարավոր է, որ ձերբակալված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին փոխանակեն ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող երեք ռուսաստանցիների հետ:

«Ուկրաինայի քաղաքացու անօրինական ձերբակալությունը որպես բանակցությունների հիմք օգտագործելու՝ Ռուսաստանի ցանկացած անհեթեթ փորձ կդիտարկվի իբրև ևս մի ապացույց այն բանի, որ Ռուսաստանը բավարար հարգանք չի դրսևորում մարդու իրավունքների, Ուկրաինայի ինքնիշխանության և օրենքի գերակայության նկատմամբ»,- ասվում է պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Սենցովը ձերբակալվել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Ղրիմի տարածաշրջանում: Նրան բռնի ուժով Ռուսաստանի քաղաքացիություն են տվել, ապա ռուսաստանյան դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Սենցովի դեմ հարուցված՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեղադրանքներն անհիմն են և ընդամենը ցինիկ վրեժ՝ Ղրիմի ռուսական օկուպացիայի վերաբերյալ նրա դիրքորոշման համար»,- նշվում է հայտարարությունում:

Հոկտեմբերի 1-ին «Новая газета»-ն նյութ էր հրապարակել այն մասին, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում՝ Սենցովին փոխանակելու ԱՄՆ-ում դատապարտված Ռուսաստանի քաղաքացիների՝ Վիկտոր Բուտի, Կոնստանտին Յարոշենկոյի և Մարիա Բուտինայի հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև’
Հաջորդ հոդվածը‘Լաս-Վեգասի կոտորածից մեկ տարի անց’