‘Պետք չէ ուշադրություն դարձնել մարդու խոսքին, պետք է հետևել նրա քայլերին. Մամուլ’

836

«Երբ լսում եմ, թե ինչպես է ինչ-որ մեկն ասում՝ այսինչ թեկնածուն դեռ չի հրապարակել իր ծրագիրը, կհրապարակի՝ կորոշեմ, ընտրել, թե ոչ, ուզում եմ բացականչել՝ սուտ ես ասում,- գրում է «Հրապարակը» խմբագրականում:

Այս օրերին լսում-կարդում ենք Սերժ Սարգսյանի ելույթներն ու խոստումները, որոնք ուղղակի անխոցելի են թվում: Ի՜նչ գեղեցիկ մտքեր, ի՜նչ ազնիվ նպատակներ, ինչքա՜ն անկեղծություն ու ձգտում կա այդ տեքստերի մեջ: Բայց չէ՞ որ այդ մտքերն արտահայտողն արդեն 5 տարի նախագահի և մոտ 20 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել ու ահռելի ժամանակ է ունեցել այդ գաղափարներից գոնե մի քանիսը կյանքի կոչելու համար: Մի բան պարզ է, որ դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են, հիմնականում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նրա ռեֆերենտների կողմից գրված:

Այնպես որ պետք չէ ուշադրություն դարձնել մարդու խոսքին, պետք է հետևել նրա քայլերին: Այս պարագայում, անշուշտ, բարդ է կողմնորոշվել այն անձանց հարցում, ովքեր բարձր պաշտոններ չեն զբաղեցրել՝ այսինքն, դրսևորվելու հնարավորություն չեն ունեցել: Բայց այդ դեպքում էլ պետք է նայել կուսակցական, կենցաղային, մարդկային շփումներում նրա դրսևորած վարքուբարքին: Եթե մարդը, ապրելով իքս թվով տարիներ, չի կարողացել ինչ-որ բան կայացնել, ինչ-որ բան ստեղծել, հարգանք ու սեր վայելել իր շրջապատում, դավաճանել է, փախել պատասխանատվությունից, ուրեմն նրան ոչ թե երկիր, այլ մի փոքրիկ հիմնարկ անգամ չի կարելի վստահել»:

Նախորդ հոդվածը‘Կամ վարչապետը, կամ Արա Բաբլոյանն իր ապահովագրական ընկերությունը վաճառել է «Ռոսգոսստրախ Արմենիային» ‘
Հաջորդ հոդվածը‘Արոնյանն արդեն 2-րդն է’