‘Պերմյակովը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում’

1164

Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում այսօր ամբաստանյալ, ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված բոլոր մեղադրանքներում, փոխանցում է «Ազատությունը»:

Նիստի ընթացքում, տուժողների իրավահաջորդ, փաստաբան Միհրան Պողոսյանը պահանջեց, որպեսզի դատարանը ռուսական կողմից պահանջի տվյալ գործով սեփական քննության փաստաթղթերը՝ հայկական գործին կցելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը պահանջի նաև տեղեկատվություն՝ արդյոք հարուցվե՞լ են քրեական գործեր այլ անձանց նկատմամբ, օրինակ՝ Վալերի Պերմյակովին զորակոչելու, զենք տրամադրելու համար։ Դատարանը, սակայն, հետաձգեց միջնորդությունների քննությունը։

«Փաստորեն մենք զրկվում ենք Պերմյակովի կողմից հնարավոր այդ հանցագործության վերաբերյալ՝ զենքի ապօրինի կրման, տեղափոխման և Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ գործերը միասին տեսնելուց», — ասաց տուժողների իրավահաջորդների պաշտպան Արթուր Սաքունցը՝ նշելով. — «Արձանագրում եմ հիմա, որ, ըստ էության, դատավորը հանդես է գալիս որպես կողմ։ Դատավորը իր որոշումները կայացնում է որպես մեկ այլ կողմ՝ ոչ թե դատավարության շահերից ելնելով։ Բայց հասկանալի չէ մեկ այլ կողմի հանդես գալու որևէ տրամաբանություն»։

Փաստաբան Լուսինե Սահակյանը խնդրեց, որպեսզի վկաների և ամբաստանյալի հարցաքննության ընթացքում ձայնի հեռարձակումը դադարեցվի։ «Մեզ համար կարևոր է, որ դատավարությունն ընթանա օրենքի պահանջների պահպանմամբ, որ ամբաստանյալը հնարավորություն չունենա շահարկելու Քրեական օրենսգրքի խախտումները», — ընդգծեց նա: Դատավորը բավարարեց միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունվարի 29-ին։

Նախորդ հոդվածը‘Գերմանացի ֆաշիստներն ավերեցին Վարշավան, մեր տեղականները` Երեւանը ‘
Հաջորդ հոդվածը‘Ընտրակեղծարարության մեջ ևս մեկ մեղադրվողի գործը ուղարկվել է դատարան’