‘Պերմյակովի ձերբակալությունից 40 րոպե անց ՀՀ ոստիկանությունը դեռ շարունակում էր փնտրել նրան’

3897

Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը  «Ազատություն» ռադիոկայանի եթերում ներկայացրել է Գյումրիում նախօրեին տեղի ունեցած ողբերգական սպանության հետ կապված մի շարք ուշագրավ դիտարկումներ: 

Ըստ Բարսեղյանի, գործում մի շարք հանելուկային դրվագներ կան:

Նախ, նա տարակուսելի է համարում ոստիկանության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալը զորամասից 4 կիլոմետր ճանապարհ է անցել եւ Ավետիսյանների բնակարան է մտել՝ ջուր խմելու համար:

«Այս տունն ու այս բակը որեւէ բանուկ փողոցի վրա չեն գտնվում: Մարդը մտել է այս բակը, մոտ 60 մետր ճամփա է անցել, կողքի տունը բաց է թողել, հասել է էստեղ, որ ջուր խնդրի, անհեթեթ անհասկանալի բացատրություն է., — նշել է Բարսեղյանը:

Բացի այդ նա տարօինակ է համարում այն, որ ՀՀ ոստիկանությունը երեկ ամբողջ օրը Գյումրիում փնտրում էր կասկածյալին, բայց նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել ռուս սահմանապահները՝ քաղաքից շուրջ 20 կիլոմետր հեռավորության վրա:

«Այս հարցերը բացատրություն չունեն: Ես գիշերը, ժամը 12-ից մինչեւ 12 անց 45 մեքենայով շրջեցի քաղաքի բոլոր յոթ ելքերով: Չորս ելքերի վրա ոստիկանական մեքենաներ կային, հսկում էին, բոլորի հետ զրուցել եմ, մյուս երեք ելքերի վրա, դեպի արեւմտյան սահմանը (որտեղ էլ հայտնաբերվել է Պերմյակովը-խմբ) հսկողություն չկար: Բայց պարզվում է, այդ ընթացքում նրան արդեն բռնել էին», — նշել է Լեւոն Բարսեղյանը:

Այն բանից հետո, երբ Բարսեղյանին տեղեկացրել են կասկածյալին ձերբակալելու մասին, նա ոստիկանության վարչության մոտ է գնացել եւ նկատել, որ այնտեղ որեւէ շարժ չկա:

«Ակնհայտորեն, բռնելուց հետո 40 րոպեի ընթացքում ՀՀ ոստիկանությունը, պարեկող ոստիկանները, ճանապարհային ոստիկանները, որեւէ մեկը տեղյակ չէր դրա ամասին: Սա ապացույց է այն բանի, որ ոստիկանությունը խաղից դուրս է եղել: Կամ, եթե բռնել են, հարմար չեն համարել հայաստանյան կողմին տեղյակ պահել», — նշել է ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ Ավետիսյաննների ընտանիքի 6 անդամների սպանության մե կասկածվող Վալերի Պերմյակովին ձերբակալել են ռուս սահմանապահները: Նա տեղափոխվել է 102-րդ ռազմաբազայի տարածք: ՀՀ Դատախազությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Պերմյակովին Հայաստանի իրավապահներին հանձնելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «այդպես է պահանջում ՌԴ Սահմանադրությունը»:

Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերի իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» ՀՀ և ՌԴ միջև 2002-ին կնքված համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ ՀՀ տարածքում հանցանք կատարած, ռուսական բազայում ծառայող անձանց և նրանց հարազատների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, և գործում են նրա իրավասու մարմինները:

Նախորդ հոդվածը‘Հայկական թե՞ ռուսական կողմը պետք է քննի գործը. պարզաբանում է Գագիկ Ջհանգիրյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիայի դատախազությունը հաստատել է Կուաշի եղբայրների հանցակցի ձերբակալությունը’