‘Պլանային դիտարկում ‘

1345

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/: Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:                       

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ՀԱՕԿ-ը վոլեյբոլի ֆեդերացիայի վերաբերյալ շուտով սպառիչ հայտարարություն կանի’
Հաջորդ հոդվածը‘Գ. Սահակյան. Բարձր աշխատավարձով հայ պաշտոնյաները ԵՄ-ում կդիմագրավեն ադրբեջանական լոբբիին’