‘Պյոտր Պոռոշենկոն Ուկրաինայի արևելքում չի երկարացրել զինադադարի ժամկետը’

937

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի արդյունքում որոշում է կայացրել «կասեցնել միակողմանիորեն կրակի դադարեցման ռեժիմի գործողությունը Դոնբասում»:

Փխրուն զինադադարը, որ հաստատվել էր հունիսի 20-ին ուկրաինական իշխանությունների և ռուսաստանամետ անջատականների միջև, երկարացվել էր մինչև հունիսի 30-ի երեկոն, սակայն կողմերը բազմիցս միմյանց զինադադարի պայմանները խախտելու մեղադրանք էին ներկայացնում:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը բաց թողնվեց՝ ռուսաստանամետ անջատականների «հանցավոր գործողությունների» պատճառով:

«Մենք կգրոհենք և կազատագրենք մեր հողը: Զինադադարի ժամկետը չերակարացնելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին, դիակապտողներին, բոլոր նրանց, ովքեր ծաղրի են ենթարկում խաղաղ բնակչությանը, ովքեր կաթվածահար են անում տարածաշրջանի տնտեսությունը, ձախողում են աշխատավարձերի, կենսաթոշակների, կրթաթոշակների վճարումը,  պայթեցնում են երկաթգիծը, քանդում ջրատարները, ովքեր մարդկանց զրկում են նորմալ, խաղաղ ապրելու հնարավորությունից»,- ուկրաինացի ժողովրդին դիմելով՝ ասել է Պոռոշենկոն:

Ավելի վաղ՝ երկուշաբթի, Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդի ներկայացուցիչները հայտարարել էին, թե Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել՝ Ուկրաինայի արևելքում երկկողմ զինադադար հաստատելու համար: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Մայիսին տնտեսական ակտիվությունն աճել է 8.9% ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’