‘ՊՆ-ի բյուջետային հատկացումները կավելանան 6 տոկոսով’

846

Հաջորդ տարի պաշտպանության նախարարության բյուջետային հատկացումները 2013թ.-ի համեմատ կավելանան շուրջ  6 տոկոսով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2014թ.-ի պետական բյուջեի նախագծով ՊՆ-ի համար նախատեսված հատկացումներին: «Դրանք առաջին հերթին ուղղված են լինելու սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը: Բացի այդ, մենք լուծելու ենք Զինված ուժերի առջև դրված գերակա խնդիրները. դրանք են սպառազինության և ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների բալերավումը, կապիտալ ծախսերի ավելացումը, նաև  միջազգային և ազգային երաշխիքների ուղղությամբ համապատասխան հատկացումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա՝ հավելելով, որ որոշակի հատկացումներ են արվելու՝ ուղղված 2014թ.-ին սպասվող գնաճի հետ կապված խնդիրների լուծմանը:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ հատկցումներն օգնում են, որպեսզի առկա խնդիրները գոնե միջին չափով կարգավորվեն: «Մենք փորձում ենք մեր հնարավորության սահմաններում կազմակերպել մեր անվտանգությունը: Այսօր մեր պետությունը հնարավորություն ունի  երկրի պաշտպանության գործին հատկացնել մեր ՀՆԱ-ի 3.5 տոկոսը, որի միջոցով մենք փորձում ենք հնարավորինս լուծել մեր խնդիրները»,- ասել է նա:

Պաշտպանության նախարարը նշել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի պաշտպանության գործին հատկացվող միջոցներն ավելի շատ լինեին՝ շեշտելով, որ Հայաստանը բացը լրացնում է նաև երկկողմ և բազմակողմ ռազմատեխնիկական և ռազմավարական համագործակցության շնորհիվ:

Նախորդ հոդվածը‘Doing Business զեկույց. Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում’