‘ՊՆ խոսնակի ասածը գրոշի արժեք չունի. Մամուլ’

1157

Երեկվա համարում «Ժողովուրդ»–ը գրել էր նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում կեսգիշերին ծեծված ու փախուստի դիմած 4 զինծառայողներից մեկի հոր՝ Սամվել Մարկոսյանի խոսքերն այն մասին, թե ովքեր են ծեծի ենթարկել զինվորներին։ Հրապարակումից հետո` երեկ, «Ժողովուրդ»–ի խմբագրություն էին եկել ծեծի ենթարկված մյուս զինվորների ծնողները։ Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, որ հեռավոր գյուղից էր Երևան եկել, «Ժողովուրդ»–ին պատմեց, թե ինքը ոչնչից տեղյակ չի եղել. «Երեխաս ծառայում էր ԼՂՀ զորամասերից մեկում և Կանազի հոսպիտալ էր տեղափոխվել 1 ամիս առաջ։ Ես այսօր (արդեն երեկ-խմբ.) որդուս համար սննդամթերք եմ բերել։ Ասացին, թե փախել է։ Հիմա ես իմ երեխայից ոչ մի լուր չունեմ, թույլ չեն տվել անգամ մտնեմ, տեսնեմ, թե ինչ վիճակում է։ Լսեցի, որ ամենաշատը նրան են ծեծել, բայց մի զանգն ի՞նչ է, դա էլ չեն թողնում»։

Այս պատմության մեջ տարօրինակն այն էր, որ ծեծի ենթարկված զինվորներից Դավիթի և Արշակի ծնողները կարողացել են տեսնել իրենց երեխաներին, իսկ ահա դաժան ծեծի ենթարկված Ռազմիկի հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել, անգամ հեռախոսով զրուցել նրա հետ։ Թե ինչ է կատարվում իրականում, ինչ է թաքցնում ՊՆ-ն, թերևս կարելի է եզրակացնել։

Սակայն ուշագրավ էր նաև այն, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 4-ին ասել էր, թե դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի, իսկ ահա երեկ լրատվամիջոցներին հայտարարել էր, թե չի բացառվում, որ հարուցվի։ Մինչդեռ պարզվում է՝ արդեն հարուցվել է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Նախարարը կրկին ստել է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շմայս. 15 մլն դրամը լավ տղու համար գումար չի’