‘ՊՆ. Հայաստանն Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում’

1062

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու հարցում ՀԱՊԿ կամ ՌԴ ներգրավման անհրաժեշտությունը չի տեսնում:  Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր զինված ուժերի կարողություններն ավելի քան բավարար են ցանկացած մարտական խնդիր կատարելու համար: ՀԱՊԿ անդամակցությունը և հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված է երրորդ երկրի հավանական ագրեսիայի կանխմանը», — գրել է Հովհաննիսյանը` անդրադառնալով Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատարի՝ «Կրասնայա Զվեզդա» թերթին տված հարցազրույցի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարի պահանջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին «Կրասնայա Զվեզդա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր, թե եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով վերականգնել իր իրավասությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, 102-րդ ռուսական ռազմակայանը կարող է միջամտել զինված հակամարտությանը` համապատասխան ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի պայմանագրային պարտավորություններին:

Բաքու այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ռուսատանցի համանախագահ Իգոր Պոպովն իր հերթին չի բացառել ինչ-որ թյուրիմացության հնարավորությունը և խոստացել է պարզել:

 

Նախորդ հոդվածը‘Կրեմլը տեղեկություն չունի Պուտինի՝ Հայաստան այցի մասին’
Հաջորդ հոդվածը‘Մեսրոպ քահանան նշանակվել է Սերժ Սարգսյանի կրթության գծով խորհրդական’