‘ՊՆ. ՀՀ Զինված ուժերը հետեւում են ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժերին. իրավիճակը վերահսկվում է’

1635

Ադրբեջանական աղբյուրներն այսօր լուրեր են շրջանառում, թե Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները, որոնք առաջնագծին մոտ են տեղակայված, «բերված են մարտական պատրաստվածության առաջին աստիճանի»՝ իբր թիրախում ունենալով «հայկական զինուժի կրակակետերը»։ Ընդ որում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը, որևէ կերպ չեն արձագանքել սույն լուրերին։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ռազմինֆոյին» պարզաբանել է իրավիճակը։

Մամուլի քարտուղարի խոսքերով՝ հուլիսի 31-ից մինչև այժմ հակառակորդի լրատվադաշտում շատ անգամ նման բովանդակությամբ լուրեր են տարածվում, որոնք հիմնականում քարոզչական գործառույթ ունեն։ «Հայկական զինուժի ստորաբաժանումները մշտապես հետևել ու այժմ էլ հետևում են առաջնագծում ադրբեջանական թե´ զինտեխնիկայի, թե´ կենդանի ուժի տեղաշարժերին, իրավիճակը մեր վերահսկողության ներքո է, անհրաժեշտ դեպքում ինչպես հարկն է կարձագանքենք»,-շեշտել է պարոն Հովհաննիսյանը։

Բացի այդ, նա հավելել է, որ խիստ անցանկալի է, որպեսզի այսպիսի բովանդակությամբ և շեշտադրումներով հրապարակումներն արտատպվեն հայկական լրատվամիջոցներում, ինչը դատարկ տեղում իրարանցում կառաջացնի՝ հաշվի առնելով առաջնագծում լարվածությունը։

Նախորդ հոդվածը‘7-ամյա աղջիկը վրաերթի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԶՈՒ հրամանատարությունը հայտարարել է Ադրբեջանին սատարելու մասին’