‘ՊՆ շտաբի պետի տեղակալը վթարի վայր էր ժամանել O 999 AH 99 ռուսական համարանիշերով (լուսանկար)’

6380

Հուլիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում՝ կոտրելով բենզին լցնելու ավտոմատ սարքը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բենզալցակայանը պատկանում է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:

Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալը վարում է ռուսական համարանիշերով ավտոմեքենա: Այսպես, Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի վայր է ժամանել նաև գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, ով վարում էր Porsche Panamera մակնիշի O 999 AH 99 ռուսական համարանիշերով ավտոմեքենան, իսկ նրան ուղեկցում էր Toyota Land Cruiser մակնիշի 77 OV 777 համարանիշի ավտոմեքենա: Այս կապակցությամբ կարող ենք մեջբերել միայն ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումը, որտեղ ասվում է. «Այ, թող ՀՀ պաշտպանության նախարարը կամ խոսնակը պարզաբանեն, թե ոնց ա ստացվում, որ ՀՀ ԶՈւ գեներալը ռուսական պետհամարանիշերով մեքենա է վարում: Ու թող չասեն, թե դրանք տրանզիտ համարանիշեր են, որովհետեւ դրա թույն գոլդ համարներից դա հեչ չի երեւում….»:

Հարկ է հավելել, որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում հայտարարություն է տեղադրել, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպած տեղեկատվական անվտանգության, ռազմական լրագրության խորացված դասընթացներին: Ցանկացողները պետք է ներկայացնեն CV, լուսանկար և էլեկտրոնային հասցե: Ուշադրությո՛ւն, ՊՆ խոսնակը խնդրում է, որ e-mail-ի հասցեն չլինի mail.ru կայքից (այդ թվում՝ նաև @bk.ru, @list.ru, @inbox.ru domain-ներում):

Այս խնդրանքն առավել քան տարօրինակ է: Ավելի լավ կլիներ, որ ՊՆ-ն աշխատանքի ընդունելու հայտարարությունների մեջ նշեր, որ բարձրաստիճան սպաներին արգելվում է վարել ռուսական համարանիշերով, հարյուր հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:

Թե չէ՝ ռուսական «domain-ներում» տեղեկայված «e-mail»-ները բացի նրանից, որ անվնաս և անվտանգ են ՊՆ-ի համար, նաև տեխնիկապես չեն զիջում եվրոպական կամ ամերիկյան մրցակիցներին:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման հարցը շատ կարճ ժամկետներում կստանա դրական լուծում. ՀՀ ԱՆ’
Հաջորդ հոդվածը‘Ոչնչացվել է ևս մեկ դիվերսանտ, փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա, և վիրավորվել մի կին’