‘ Պշոնկան կոչ է արել ցուցարարներին դադարեցնել իշխանության մարմինների պաշարումը ‘

928

Ինչպես արդեն հայտնել էինք, Կիևում կառավարական շենքերը շարունակում են պաշարման մեջ մնալ, իսկ հանրային աշխատողները այսօր այդպես էլ չեն կարողացել գնալ իրենց աշխատավայրերը: Այս առնչությամբ այսօր Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան  հանդես է եկել ուղերձով՝ցուցարարներին կոչ անելով զերծ մնալ հակաօրինական գործողություններից և հարգել օրենքը:

«Հաշվի առնելով պետության մեջ ստեղծված իրավիճակը՝ ես դիմում եմ հանրահավաքների մասնակիցներին և կազմակերպիչներին: Դադարեցրե՛ք իշխանության մարմինների պաշարումը, զանգվածային անկարգությունների կազմակերպումը և օրենքի կոպտորեն խախտումները: Այսօր փողոցային ակցիաները վերաճել են անթաքույց ագրեսիայի և իշխանության մարմինների աշխատանքի խոչընդոտման»-, ասված է գլխավոր դատախազի ուղերձի մեջ:

Գլխավոր դատախազը նաև հայտարարել է, որ դատարանների որոշումների չկատարումը և Ուկրաինայի Սահմանադրության և օրենքների արհամարման համար մեղավորները պատասխան կտան:

«Ես կրկին անգամ դիմում եմ բոլորին, ով առնչություն ունի զանգվածային անկարգությունների հետ՝ մի՛ փորձեք իշխանությունների համբերությունը և մի՛ սադրեք իրավապահ մարմիններին, ազատե՛ք տարածքները և ապաարգելափակե՛ք տրանսպորտային կոմունիկացիաները»-, հավելել է գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազը նաև հիշեցրել է, որ կա դատարանի որոշում՝ Գերագույն Ռադայի, նախագահական նստավայրի, կառավարության, Կիևի քաղաքային ադմինիստրացիայի շենքերի և կառավարական թաղամասի այլ հաստատությունների պաշարման արգելման վերաբերյալ:

«Դրանք սովորական վարչական իրավախախտումներ չեն, դրանք օրենքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են քրեական խիստ պատասխանատվություն: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ այդպիսի գործողություններով երկրում կարելի է հաստատել անիշխանություն և անօրենություն, ապա մի կողմ թողեք ձեր պատրանքները, երկրում կա իշխանություն և երկրում գործում է օրենքը»,-հայտարարել է գլխավոր դատախազը:

 

Նախորդ հոդվածը‘ Ճանապարհային ոստիկանությունը տուգանում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակից-վարորդներին’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական հատուկ ջոկատայինները և ոստիկանները գրոհում են «Բատկիվշչինայի» գրասենյակը’