‘Պոլիտեխնիկի ռեկտորը «ֆեյսբուքյան սկանդալի» գործով տուժող է ճանաչվել’

1304

Ֆեյսբուոււմ ՀՊՃՀ ռեկտորի ԺՊ Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված աղմկոտ դեպքի առիթով հարուցված քրեական գործում ռեկտորը որպես տուժող է ճանաչվել:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ գործի նյութերի, «անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ»:

Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «www.facebook.com» սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Ֆեյսբուքի համապատասխան հաշիվների օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը և Ռուզան Հարությունյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է:

Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և համացանցում տարածված երկխոսության հեղինակներին պարզելու նպատակով նշանակվել են դատահեղինակային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին հասանելիություն ստացած համացանցի բաժանորդի տվյալները պարզելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ Արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը` Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ’