‘Պոլսահայ վերլուծաբան. Գեզի պուրակի խնդրի լուծումը թուրք հասարակությանը չի բավարարում ‘

796

Միայն բնապահպանական խնդիրները չեն, որ ստիպում են Թուրքիայում մարդկանց բողոքով դուրս գալ փողոց, iLur.am-ի հետ զրույցում Պոլսում (Ստամբուլ) բնակվող քաղաքագետ, վերլուծաբան Արարատ Չինարյանը:

 Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հասարակության ճնշման տակ հայտարարեց, որ պուրակի տեղում առևտրային կենտրոն չի կառուցվելու, բուռն կերպով սկիզբ առած համաժողովրդական շարժումը կամաց-կամաց սկսեց մարել: Ոստիկանների առաջին երկու օրվա գործողությունները տեսնելով՝ շատերը վախեցան գնալ բացահայտ բախումների:

«Չնայած Գեզի պուրակի խնդիրն այժմ, գոնե՝ միառժամանակ, լուծված է, բայց այսօր էլ Թաքսիմում երիտասարդները խաղաղ ցույց էին կազմակերպել՝ իշխանություններից պահանջելով ժողովրդավարական գործելաոճ», — ասաց մեր զրուցակիցը:

Արարատի խոսքով՝ Թուրքիայի հասարակությունը դժգոհ է, որ վարչապետ Ռեջեփ  Էրդողանը գրեթե միշտ միանձնյա որոշումներ է կայացնում՝ հաշվի չառնելով հանրության կարծիքն ու շահերը: Մյուս կողմից, ըստ նրա՝ մեկ տարուց քիչ է մնացել Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին, իսկ իշխանությունները չեն ուզենա այժմ իրենց առանց այդ էլ ցածր վարկանիշն ավելի գցեն:

Արարատ Չինարյանը պատմեց, որ վերջերս Էրդողանի նախաձեռնությամբ իշխանությունները ցանկանում էին օրենք ընդունել, որով կարեգելվեր ալկոհոլային խմիչների վաճառքը ժամը 22:00-ից հետո, ինչը Թուրքիայում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց:

«Մարդիկ դուրս եկան փողոց, ցուցարարների մեջ հայեր էլ կային, քանի որ շատերը այստեղ խանութներ ունեն, իսկ երեկոյան ժամերին ալկոհոլի վաճառքը ամենաեկամտաբեր բիզնեսն է համարվում: Բողոքների արդյուքնում այդ օրենքի հաստատումը հետաձգվեց, և այժմ էլ դեռ պարզ չի, կընդունեն արդյոք այն, թե ոչ»,- ասաց Արարատ Չինարյանը

Իսկ Գեզի պուրակի համար մղվող պայքարին հատուկենտ երիտասարդ պոլսահայեր են մասնակցել, ձերբակալվածների կամ վիրավորների մեջ հայեր չեն եղել: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ոչ մի վտանգ չի սպառնում նաև հայկական վարժարաններին ու եկեղեցուն: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Իզմիրում անկարգություններ հրահրելու համար ձերբակալվել են 24 բլոգերներ’