‘Պոռոշենկոն Պուտինին կոչ է արել ազատ արձակել օդաչու Սավչենկոյին’

1093

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ազատ արձակել օդաչու Նադեժդա Սավչենկոյին, որին Ռուսաստանում մեղադրում են ռուս լրագրողների սպանության մեջ:

Ինչպես հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, երկու օր առաջ ուղարկված նամակում Պոռոշենկոն նաև պահանջել է կատարել Մինսկի պայմանավորվածությունները:

«Երեկ ես նամակ եմ ուղարկել նախագահ Պուտինին, որում իմ հիմնական պահանջներից մեկը եղել է ոչ միայն կրակի դադարեցումը և Մինսկի պայմանավորավածությունները կատարելը, այլև Նադեժդա Սավչենկոյին և մյուս բոլոր պատանդներին ազատ արձակելը», ասվում է հաղորդագրության մեջ:

Նադեժդա Սավչենկոն Լուգանսկի շրջանում անջատականներին գերի է ընկել անցյալ տարվա ամռանը և տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ նրան ռուսաստանյան երկու լրագրողների զոհվելու մեջ մասնակցություն ունենալու մեղադրանք է ներկայացվել: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Սավչենկոն է կարգավորել ականանետային նշանառության կրակոցը, որի զոհ են դարձել լրագրողները: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիբիայի մայարաքաղաքում գրոհայինները հարձակում են գործել հյուրանոցի վրա. կա ինը զոհ’
Հաջորդ հոդվածը‘Մուսուլման հոգևորականը սելֆին մեղք է համարում’