‘Պորտուգալիա — Մեքսիկա՝ 2:2. դրամատիկ սցենարով հանդիպում Կազանում (տեսանյութ)’

1558

Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի 1-ին տուրի շրջանակներում «Կազան Արենա» մարզադաշտում Պորտուգալիայի ազգային հավաքականը մրցեց Մեքսիկայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Առաջին կեսի սկզբում հյուսիսամերիկյան թիմը առավելություն ուներ, սակայն հետո ակտիվացան Ֆերնանդու Սանտուշի սաները: Պորտուգալացիները սկզբում բացեցին խաղի հաշիվը, երբ Անդրե Գոմեշը գրավեց հեռավոր անկյունը, սակայն տեսակրկնության շնորհիվ գոլը չեղարկվեց: Քիչ անց, Կրիշտիանու Ռոնալդուի հմտորեն կատարած փոխանցումից հետո Ռիկարդու Կուարեժման շրջանցեց դարպասապահին և գրավեց անպաշտպան դարպասը:

«Ացտեկների» պատասխանը երկար սպասել չտվեց: Կարլոս Վելայի փոխանցումից հետո Չիչարիտոն գլխի գեղեցիկ հարվածով հավասարացրեց հաշիվը:

Երկրորդ կեսում երկար ժամանակ հանդարտ խաղ էր ընթանում, սակայն խաղավերջում թիմերը կտրուկ ակտիվացան: 85-րդ րոպեին մեքսիկացիների դարպասապահ Գիլերմո Օչոան ֆանտաստիկ ցատկով հետ մղեց Անդրե Սիլվայի հարվածը, սակայն մեկ րոպե անց գրոհին միացած Սեդրիկ Սոարեշի հարվածից ու անդրադարձից հետո այն հայտնվեց դարպասում:
Թվում էր, թե Եվրոպայի չեմպիոնները հաղթանակով կավարտեն հանդիպումը, սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակում, անկյունայինի խաղարկման ժամանակ Էկտոր Մորենոն գլխի հարվածով փրկեց իր թիմին: Գրանցվեց 2:2 հաշիվը:

Այս խմբի առաջատարը Ռուսաստանի ընտրանին է, որն ունի 3 միավոր: 

Կոնֆեդերացիաների գավաթ. A խումբ
ՊորտուգալիաՄեքսիկա` 2:2
Գոլերը. Կուարեժմա (34), Սեդրիկ (86) – Չիչարիտո (42), Մորենո (90+1)

Նախորդ հոդվածը‘Վահրամ Աթանեսյան. Գոնե լռեիք, հա՛. Hraparak.am’
Հաջորդ հոդվածը‘Կամերուն — Չիլի՝ 0:2. խաղի վերջնամասում չիլիացիներին հաջողվեց հաղթել (տեսանյութ)’