‘«Պորտո» — «Մալագա». Բուքմեյքերների կարծիքն ու ներկայացումը’

1428

Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ ընդունելու է «Մալագային»:

Չնայած օրվա մյուս հանդիպումը՝ «Արսենալ» — «Բավարիա», ավելի հնչեղ է, սակայն բացառված չէ, որ հենց Պորտուգալիայում կայանալիք մրցավեճը ավելի դիտարժան եւ հետաքրքիր ստացվի: Խաղում են բացարձակապես հավասար թիմեր: Չնայած «Պորտուն» համարվում է պորտուգալական ֆուտբոլի դրոշակակիրը, ունի Չեմպիոնների լիգայում հանդես գալու հսկայական փորձ, սակայն իր նորամուտը այս մրցաշարում նշող «Մալագան» առայժմ՝ ի հեճուկս բոլոր հոռետեսներին, իրեն փայլուն է դրսեւորում: Խմբային փուլում «Մալագան» գրավեց 1-ին տեղը, իրենից ետ թողնելով «Միլանի» եւ «Զենիթի» պես թիմերին: Պելեգրինիի թիմը աչքի է ընկնում վառ, կոմբինացիոն խաղաոճով, ունի բավական բարձր կարգապահություն, հիանալի պաշտպանություն եւ արտակարգ դարպասապահ՝ Վիլֆրեդո Կաբալյերոն: Բավական է նշել, որ «Մալագան» Իսպանիայի առաջնությունում ամենաքիչն է գնդակ բաց թողել:

Թիմն ունի նաեւ վառ արտահայտված առաջատարները՝ Իսկոն եւ Խոակինը: Հին վետերանի եւ երիտասարդ Իսկոյի համագործակցությունը փայլուն արդյունքներ է տալիս: Իսկոն ընդհանրապես տարվա գլխավոր հայտնությունն է, եւ կարելի է չկասկածել, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կհայտնվի գրանդ ակումբներից մեկում:

«Պորտուն» զարմանալի թիմ է. ամեն տարի նա տասնյակ միլիոնավոր դոլարների դիմաց հրաժեշտ է տալիս իր առաջատարներին, ինչպես օրինակ՝ Ֆալկաոյին եւ Հալկին, սակայն անմիջապես նրանց փոխարինողներ է գտնում, որոնք միանգամից սկսում են իրենց դրսեւորել: Եվ թիմի խաղն էլ չի տուժում. ինչպես գործել է հարձակողական, լատինական խաղաոճով, այնպես էլ շարունակում է:

Եվ չնայած բուքմեյքերական ընկերությունները այս մրցավեճում բացահայտ նախապատվություն են տալիս «Պորտուին», սակայն կարելի է չկասկածել, որ իրականում մեզ սպասվում է բարդ, ծանր եւ հավասար հնարավորություններով հանդիպում:

William Hill բուքմեյքերական ընկերությունը այս խաղում «Պորտուի» հաղթանակը գնահատել է 1,83 գործակցով, ոչ-ոքին՝ 3,2, իսկ «Մալագայի» հաղթանակը՝ «Բավարիայի» գործակիցը՝ 2.10 :

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ոստիկանությունը շուրջկալել է երկու «գողական հավաք» և ձերբակալել 90 քրեական հեղինակությունների’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովը զանգվածային սպանությունների մեղավորների գաղտնի ցուցակ է կազմել’