‘Պուտինը Ազգային գվարդիա ստեղծելու հրամանագիր է ստորագրել’

1587

Արդեն գոյություն ունեցող՝ ՆԳՆ ներքին զորքերի հիմքի վրա նոր կառույց՝ Ազգային գվարդիա ստեղծելու մասին հրամանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է ապրիլի 5-ին, ինչից հետո այն սկսել են աշխուժորեն քննարկել մամուլում և բլոգոլորտում:

Նոր կառույցը, որ պաշտոնապես կոչվում է Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայություն, ղեկավարելու է գեներալ Վիկտոր Զոլոտովը, որը մինչ այդ եղել է, նախ, նախագահի անձնական թիկնազորի, ապա՝ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարը:

Փորձագետների կարծիքով՝ նոր կառույցն իր առջև դրված խնդիրներով և իրավասություններով շատ չի տարբերվի ներքին զորքերից: Սակայն այն փաստը, որ Ազգային գվարդիան անմիջականորեն ենթարկվելու է նախագահին, շատերին է մտածելու տեղիք տվել, թե ստեղծվում է մի ուժային կառույց, որի գլխավոր նպատակը իշխանությանը պաշտպանելն է, եթե երկրում իրավիճակն ապակայունանա:

Նախագահի հրամանագրի համաձայն՝ գվարդիան, ՆԳՆ-ի հետ միասին, կպաշտպանի հասարակական կարգը, կպայքարի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ, կմասնակցի հակաահաբեկչական գործողություններին: Բացի այդ՝ այն կպաշտպանի պետական օբյեկտներն ու հատուկ բեռները, կօգնի ԱԴԾ-ին՝ սահմանը պաշտպանելու հարցում, կմասնակցի տարածքային պաշտպանությանը, նաև վերահսկողություն կսահմանի զենքի շրջանառության ոլորտում, կզբաղվի մասնավոր թիկնազորային գործունեությամբ և այլն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դիրքերում գտնվող զինվորականի Մարտակերտից տեղափոխված կինը երեխա է ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Նիդեռլանդներ. Մեծամասնությունը դեմ է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրին’