‘Պուտինը ելույթ է ունեցել ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունում’

932

Ավանդաբար՝ ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունն անցկացվում է երկու տարին մեկ: Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել թվով յոթներորդ՝ այդ կարգի խորհրդակցությունը, որին հրավիրված էին նաև ՌԴ կառավարության, Դաշնային ժողովի, միջազգային գործունեություն ծավալող գերատեսչությունների ու նախարարությունների ղեկավարներ, գիտա-փորձարարական հանրության և բիզնեսի ներկայացուցիչներ:

Հավաքին ելույթ է ունեցել Վլադիմիր Պուտինը: Ինչպես նախապես տեղեկացրել է Կրեմլի մամլո ծառայությունը, երկրի ղեկավարի ելույթում «խոսք կլինի ռուսաստանյան դիվանագիտության առջև ծառացած առաջնահերթությունների մասին՝  խաղաղության ամրապնդում, գլոբալ և տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովում, ՌԴ արտաքին քաղաքականության նախապատվությունների առաջ մղում, արտասահմանյան փոխշահավետ գործընկերության զարգացում»: Ուկրաինան հանդիպման գլխավոր թեմաներից է: Այս առնչությամբ, օրինակ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Եվրոպան չկարողացան Պոռոշենկոյին համոզել, որ խաղաղության տանող ճանապարհը չի կարող անցնել պատերազմով, ուստի Պոռոշենկոն ստանձնեց իրադարձությունների քաղաքական և ռազմական պատասխանատվությունը:

Պուտինը ռուսաստանցի դիվանագետներին նախազգուշացրել է, որ նրանց ծանրաբեռնվածությունը և նրանց նկատմամբ ազգային շահերը պաշտպանելու պահանջը ավելանալու են: «Լրջորեն սրվում են հին հակամարտությունները և հրահրվում են նորերը,- հայտարարել է Պուտինը:- Ցավոք՝ հաճախ տեսնում ենք, որ միջազգային իրավունքն էլ չի գործում, պատշաճության տարրական նորմերը չեն պահպանվում, ամենթողության սկզբունքն է իշխում»: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ Ադրբեջանական ԶՈւ կողմից վիրավորված տղայի առողջական վիճակը գնահատվում է նորմալ և կայուն’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է Փարիզի մերձակայքում’