‘Պուտինը Ղրիմի հարցը քննարկել է Մերկելի և Քեմերոնի հետ’

923

Կիրակի օրը  հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Ղրիմի հարցը քննարկել է  ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:

Մերկելը Ղրիմի հանրաքվեն անվանել է «անօրինական» և ափսոսանք է հայտնել այն բանի կապակցությամբ, որ այդպես էլ չի ստեղծվել միջազգային կոնտակտային խումբ՝  քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնման նպատակով:

Նման խմբի ստեղծման մասին է խոսել նաև Քեմերոնը՝ Պուտինին կոչ անելով «լիցքաթափել իրադրությունը Ղրիմում»: Պուտինը հայտարարել է, թե թերակղզու գործող իշխանություններն «օրինակարգ են և գործում են միջազգային իրավունքին համապատասխան՝ ի շահ Ղրիմի բնակչության»: Նա համաձայնել է, որ Ուկրաինայում կայուն իրավիճակը բխում է բոլորի շահերից և հավելել է, թե Ռուսաստանը նույնպես գերադասում է խնդրի դիվանագիտական լուծումը:

Մինչդեռ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Ղրիմի Չեռնոմորսկոյե ավանում ռուսաստանցի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են առել սահմանապահ անցակետը և շարքից հանել են տեխնիկական վերահսկողության պահակակետերը: Հաղորդվում է նաև Սակի քաղաքի մերձակա ռազմական օդանավակայանը գրավելու մասին: Մոտավորապես 80 մարդիկ՝ տարբերանշաններ չունեցող համազգեստներով, շրջապատել են օդանավակայանը: Նրանց օգնել են մահակներով և վահաններով զինված քաղաքացիական անձինք:

Ռուսաստանը հերքում է Ղրիմում իր ներկայության ուժեղացումը:

Կիևի իշխանությունները պնդում են, որ չի նախատեսում ուկրաինական բանակի զորամասերի տեղափոխում Ղրիմ, սակայն լայնածավալ զորավարժությունների նախապատրաստման պատճառով ռազմական տեխնիկան տեղափոխում է Ուկրաինայի արևմուտքից: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կոնգրեսն՝ իշխող ուժ’
Հաջորդ հոդվածը‘Հերթական ստուգայցի արդյունքները. 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի’