‘Պուտինը, Օբաման և Օլանդը կոչ են արել արագ լուծել ԼՂ հիմնախնդիրը’

1214

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ցավում են, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը չկարողացան բանակցությունների ընթացքում լուծել առկա խնդիրները: Այդ մասին խոսվում է երեք երկրների նախագահների կողմից արված համատեղ հայտարարության մեջ: Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին՝ «նոր եռանդով լծվել այն հարցերի լուծմանը, որոնք դեռ բաց են մնում»:

«Մենք խորապես ցավում ենք այն բանի համար, որ բանակցությունների ընթացքում կողմերը ձգտում են միակողմանի շահ ստանալ»,- ասված է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այսօր նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կողմից արված համատեղ հայտարարության տեքստում: Նախագահների կարծիքով՝ այս հարցում հապաղումն այլևս անընդունելի է:

Նախագահները հիշեցրել են այն դրույթները, որոնք  վերջին չորս տարիներին արտացոլվել են իրենց հայտարարություններում: «Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը», նշված է փաստաթղթում:

Հայտարարության մեջ ասվում է, որ «միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է բերել խաղաղություն , կայունություն և հաշտություն՝ ճանապարհ բացելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար»: Ռազմական ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, համոզված են երեք երկրների նախագահները, իսկ ռազմական գործողությունների վերսկսումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի բնակչության համար:

«Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի»,- համոզված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյան. Հայաստանը չի պայքարում միջազգային ատյաններում իրեն տրվելիք հաճախականությունների համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրանը եւ Հարավային Կորեան դրամատիկ պայքարում նվաճեցին Բրազիլիա-2014-ի ուղեգրեր’